Այսուհետ հարկեր չվճարելու դեպքում ՊԵԿ–ը միանգամից հաղորդում չի ներկայացնելու
ՀՀ կառավարությունն մարտի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին փաթեթին:
Ներկայացնելով փոփոխությունները՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ այսուհետ ՊԵԿ-ը հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս միանգամից չի ձեռնամուխ լինելու հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակելու է տեղեկատվությունը և, հարկ վճարողին ծանուցելով, փորձելու է ստանալ հիմնավոր բացատրություններ կատարվածի վերաբերյալ։
Նա հավելեց, որ հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ գործիքով՝ թեմատիկ ուսումնասիրությամբ, արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտը, ապա այդ ակտը ներկայացնելով հարկ վճարողին՝ Պետական եկամուտների կոմիտեն պետք է սպասի դրա վարչական բողոքարկման ընթացակարգի սպառմանը։
Հակոբյանը պարզաբանել է, որ նման դեպքում հարկ վճարողը կարող է շարունակել բողոքարկումը ՊԵԿ-ում գործող բողոքարկման հանձնաժողովում։ Նա ընդգծել է, որ այս մոտեցումից բացառություն կլինի միայն այն դեպքերում, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումը անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և երբ առկա է ողջամիտ կասկած, որ ուշացումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման։
Նա նաև նշել է, որ նախնական հաշվարկներով նման գործերի առնվազն կեսը կանցնի վարչական գործընթացով, որի ընթացքում հարկ վճարողը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները, քննարկել, բանակցել և բողոքարկել՝ մինչև գործի հնարավոր վերածումը հաղորդման կամ դրա չվերածումը։
Երկրորդ փոփոխության վերաբերյալ Հակոբյանը տեղեկացրեց, որ վերանայվում են շեմերը՝ հաշվի առնելով տնտեսության չափերի աճը 2022 թվականից սկսած, ինչպես նաև գործերի վերլուծությունը, որը ցույց է տվել, որ մեծ ծավալով գործերը հաճախ վերաբերում են մինչև 30–40 մլն դրամի սահմանին։ Այդ պատճառով թիրախավորվել են ստորին շեմերը՝ սահմանափակ ռեսուրսները առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։
Նա տեղեկացրեց, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» շեմերը վերանայվում են. խոշորի դեպքում առաջարկվում է շեմը բարձրացնել 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների համար՝ մինչև 45 մլն դրամ։ Առանձնապես խոշորի դեպքում մեկ տարվա համար շեմը սահմանվում է 50 մլն դրամ, իսկ երեք հաջորդող հարկային տարիների համար՝ 75 մլն դրամ։ Նրա խոսքով՝ արդյունքում նախատեսվում է առնվազն 600 գործի ապաքրեականացում, որը կարող է իրականացվել կա՛մ հարկ վճարողի համաձայնությամբ, կա՛մ այն դեպքում, երբ գործը չի նախաձեռնվում, սակայն հետագայում կարող է դառնալ վարչական ուսումնասիրության առարկա։
Երրորդ փոփոխության վերաբերյալ նա նշել է, որ քրեական դատավարության օրենսգրքում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը երբեմն խնդիրներ է առաջացնում տնտեսվարողների համար, քանի որ արգելանքը խոչընդոտում է գործունեությանը և առաջացնում է էական ֆինանսական ծախսեր։ Այս նպատակով նախատեսվում է ներդնել նոր մեխանիզմ, որի համաձայն՝ վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքը կարող է հանվել արգելանքից, եթե սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնի այդ գույքին համարժեք բանկային երաշխիք։ Բացի այդ, քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ հնարավոր է նաև արժեթղթերի՝ պարտատոմսերի և բաժնետոմսերի գրավադրման տարբերակը, ինչը թույլ կտա տնտեսվարողներին չկորցնել իրենց եկամուտները՝ միաժամանակ ապահովելով քրեական գործընթացների իրականացումը։

