Կենտրոնական բանկը սահմանափակում է բանկերի ախորժակը. Ի՞նչ է փոխվելու մարտի 1-ից

Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը: Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Մասնավորապես, ARCA քարտերով վճարումների դեպքում միջնորդավճարը կկազմի առավելագույնը 0.5%, իսկ միջազգային քարտերի դեպքում՝ 0.9%, պարզաբանել է նա: Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը կիրառում են սեփական միջնորդավճարները:

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների բազմաթիվ դիմումները, որոնք մատնանշում էին անկանխիկ վճարումների դեպքում 2–4% միջնորդավճարները։

ԿԲ-ն ակնկալում է, որ այս սահմանափակումների հետևանքով ՀՀ բանկային համակարգի կրած վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ:

Հաջորդ փուլում ԿԲ-ն կգնահատի, թե արդյոք միջնորդավճարները հանդիսացել են անկանխիկ հաշվարկների զարգացումը զսպող գործոն։
«Հայաստանում միջնորդավճարների մակարդակը չնչին չափով է գերազանցում համաշխարհային միջին ցուցանիշները»,- հավաստիացրել է Գալստյանը։