Հայաստանը կներմուծի տարեկան մինչև 700 տոննա չինական գրաֆիտացված էլեկտրոդներ՝ առանց հակադեմպինգային տուրքի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի որոշմամբ ԵԱՏՄ տարածք ներմուծվող չինական ծագման գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ սահմանվել է հակադեմպինգային տուրք: Միաժամանակ Հայաստանի համար նախատեսվել է արտոնություն՝ տարեկան մինչև 700 տոննա ծավալով ներմուծման դեպքում տուրքից ազատում:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող նշված ապրանքի համար տարեկան 700 տոննա ծավալով։
Վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։
Նշենք, որ հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։

