Հայաստանը որոշել է․ ՓՄՌ-ներով նոր ատոմակայան է կառուցվելու
Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել փոքր մոդուլային ռեակտորներով (ՓՄՌ) նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ՓՄՌ տեխնոլոգիայով ատոմակայանը կապահովի էլեկտրաէներգիայի արտադրության առավել ճկուն կառավարում։ Արևային էներգիայի հզորությունների աճի պայմաններում ցերեկային ժամերին արդեն առաջանում է բազային կայանների հզորությունները նվազեցնելու կամ ժամանակավորապես անջատելու անհրաժեշտությունը, և նոր կայանը թույլ կտա ավելի արդյունավետ կարգավորել համակարգը։
Նախարարը նշել է, որ ատոմակայանի մոդելի ընտրության և արտադրող երկրի հարցը դեռ օրակարգում է։ Որոշումը կընդունվի առանց շտապելու, և չի բացառվում, որ վերջնական ընտրությունը կատարվի 2027 թվականին։
«Հայաստանը չի մնա առանց ատոմային էներգետիկայի, սակայն փոքր մոդուլային ռեակտորները էներգետիկայի համեմատաբար նոր ուղղություն են, և այսօր միայն մի քանի երկրներ են գտնվում դրանց կառուցման ավարտական փուլում։ Մենք ցանկանում ենք սպասել և գնահատել արդեն գործող ՓՄՌ կայանների արդյունավետությունը՝ լավագույն տարբերակն ընտրելու համար», — նշել է նախարարը։
Նախատեսվում է կառուցել այնքան փոքր մոդուլային ռեակտոր, որքան անհրաժեշտ կլինի երկրի էներգետիկ համակարգի կայուն զարգացման համար։
Նշենք, որ մինչև 300 ՄՎտ հզորությամբ ՓՄՌ-ները այսօր ակտիվորեն մշակվում են աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք առանձնանում են բարձր անվտանգության համակարգերով և գործարանային հավաքման հնարավորությամբ։ Ռուսաստանում արդեն շահագործվում է «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ԱԷԿ-ը, ԱՄՆ-ում և Կանադայում ծրագրերը գտնվում են շինարարության մեկնարկի փուլում, իսկ Հարավային Կորեան, Արգենտինան և Չինաստանը ևս զարգացնում են սեփական նախագծերը։ 2026 թվականին աշխարհում նախատեսվում է գործարկել միանգամից նոր սերնդի մի քանի ատոմային ռեակտոր։

