Հայաստանը ռուսական շոկոլադի խոշորագույն սպառողների թվում է. ներկրման ծավալները

Հայաստանը ներառվել է ռուսական շոկոլադե արտադրանքի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում։ Այս մասին են վկայում 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Սպուտնիկ Արմենիա»-ին։

Ըստ ուսումնասիրության՝ 2025 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Ռուսաստանից շոկոլադի արտահանման հիմնական ուղղություններն են եղել ԱՊՀ երկրները։

Խոշորագույն գնորդների վարկանիշային աղյուսակը հետևյալն է.

  1. Ղազախստան– 192 մլն դոլար (բացարձակ առաջատար),
  2. Բելառուս– 123 մլն դոլար,
  3. Ուզբեկստան– 68 մլն դոլար,
  4. Ադրբեջան– 48 մլն դոլար,
  5. Հայաստան– 28,5 մլն դոլար։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանյան շուկայում ռուսական արտադրության քաղցրավենիքը շարունակում է մնալ պահանջված և զբաղեցնել կայուն դիրքեր։ Չնայած ներքին արտադրության զարգացմանը և այլ երկրներից ներկրվող տեսականուն, Ռուսաստանից մատակարարվող շոկոլադի ծավալները Հայաստանին դասում են տարածաշրջանային խոշորագույն սպառողների շարքին։

Հարկ է նշել, որ ռուսական հրուշակեղենի արտահանման ծավալներն աճել են նաև այլ ուղղություններով, սակայն հենց հարևան երկրներն են հանդիսանում ռուսական շոկոլադի հիմնական շուկաները։