Հայաստանին անհրաժեշտ է 1200 մեգավատանոց ռուսական տեխնոլոգիայով ատոմակայան
Հայաստանին անհրաժեշտ է 1200 մեգավատ հզորությամբ ռուսական տեխնոլոգիայով ատոմակայան։ Այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ռուսական տեխնոլոգիաները ատոմային եներգետիկայի բնագավառում լավագույն են աշխարհում։ «Եթե կառուցենք 1200 մեգավատանոց ռուսական տեխնոլոգիայով ատոմակայան, Հայաստանը կկարողանա վերահսկել իր էներգետիկ համակարգը և դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր»,- հայտարարել է նա։
Նա նշել է, որ արևային էներգետիկան Հայաստանում արագ զարգանում է, սակայն առանց մեծ կուտակիչների և կայուն արտադրող հզորությունների դա կարող է հանգեցնել համակարգային ճգնաժամերի։ Այդ պատճառով, ըստ Մանուկյանի, Հայաստանի համար առանցքային նշանակություն շարունակում է ունենալ ատոմային էներգետիկան։
Մանուկյանի խոսքով՝ տարածաշրջանում արդեն նոր ատոմակայաններ են կառուցվում, և որքան շուտ Հայաստանը ներգրավվի այդ գործընթացում, այնքան արագ կարող է դառնալ էներգետիկ առումով ավելի ինքնուրույն և մրցունակ պետություն։
Այս ֆոնին Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է տասնամյակներով ապահովել երկրի էներգետիկ պահանջարկը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ Ռոսատոմը Երևանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը հայկական ղեկավարության քաղաքական կամքի դեպքում կարող է «տասնամյակներով, եթե ոչ մեկ դարով» փակել Հայաստանի էներգետիկ կարիքները։ Կալուգինը նշել է, որ նման կայանը կապահովի վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ և լուրջ խթան կհանդիսանա արդյունաբերության զարգացման համար։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ոչ միայն ատոմային տեխնոլոգիաներով, այլև էներգետիկայի և թվայնացման ոլորտներում ունեցած փորձով։ Կալուգինի խոսքով՝ Մոսկվան նպատակ ունի զարգացնել Երևանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։

