Հայաստանն առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանել
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է ռազմարդյունաբերության ոլորտում նշանակալի ձեռքբերման մասին։ Առաջին անգամ հայկական արտադրության զենքն ու ռազմական տեխնիկան արտահանվել են միլիոնավոր դոլարների հասնող պայմանագրերի շրջանակում։
Ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նախարարը նշել է, որ մայիս ամսվա ընթացքում հայկական երեք ընկերություններ կարողացել են իրենց արտադրանքն արտահանել երկու տարբեր երկրներ։
«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ»,- ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով՝ սա պատմական իրադարձություն է հայկական ռազմարդյունաբերական համալիրի համար, քանի որ խոսքը ոչ թե առանձին դետալների կամ բաղադրիչների, այլ հենց Հայաստանում ստեղծված վերջնական արտադրանքի մասին է։ Արտահանման ծավալները չափվում են միլիոնավոր դոլարներով, ինչը վկայում է հայկական ռազմական արտադրանքի մրցունակության և որակի մասին։
Այս ձեռքբերումը նոր հեռանկարներ է բացում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման և միջազգային շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդման համար։

