Հայաստանում կկառուցվի նոր մաքսային և լոգիստիկ կենտրոն՝ ՎԶԵԲ-ի 39 մլն եվրո վարկով
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 39 միլիոն եվրո վարկ՝ մաքսային և լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման համար։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի փոխանցմամբ՝ վարկային համաձայնագիրը Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ֆինանսավորումը իրականացվելու է երկու փուլով՝ 30 միլիոն և 9 միլիոն եվրո։
Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև 6 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որի վերաբերյալ առանձին համաձայնագիր արդեն ստորագրվել է։ Վարկը տրամադրվելու է լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor + 1% մարժայով։
Նախագծով նախատեսվում է Պռոշյան գյուղում կառուցել արտաքին տնտեսական գործունեության նոր կենտրոն և ՊԵԿ-ի վարչական շենք՝ ընդհանուր 19.1 հեկտար տարածքի վրա։
Կենտրոնի տարածքում կկառուցվեն պահեստային համալիրներ՝ արևային էլեկտրակայանով, ինչպես նաև բեռների զննման և բեռնաթափման ենթակառուցվածքներ։ Սպասարկման և վարչական գոտին կկազմի շուրջ 9000 քմ, իսկ մոտ 2100 քմ տարածք կհատկացվի բեռնատարների սպասարկման համար։

