ՀԷՑ-ը վաղաժամկետ մարել է տեղական բանկերից մեկի 9 մլն դոլարի վարկը

ՀԷՑ-ը վաղաժամկետ մարել է տեղական բանկերից մեկի 9 մլն դոլարի վարկը: Այս մասին հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու):

ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք, այս պահին պարտավորությունները կազմում են շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք», — գրել է Պետրոսյանը Facebook-ի իր էջում։

Նա հայտնել է, որ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։