Մաքսատուրքի արտոնություն ներդրողների համար․ կառավարությունը խթանում է աշխատատեղերի ստեղծումը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ներկայացրել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկը, որը վերաբերում է մաքսատուրքի արտոնությանը գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող գործարարների համար։

Նրա խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել այն ներդրողները և գործարարները, որոնք Կառավարության կողմից սահմանված գերակա ոլորտներում ներդրումներ են կատարում և երրորդ երկրներից՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, ներմուծում են հումք կամ սարքավորումներ։ Այս դեպքում Կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարումից։

Պապոյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 67 նախաձեռնություն, ինչի արդյունքում ստեղծվել է 3 405 նոր աշխատատեղ։ Ըստ նախարարի՝ արտոնությունը հասանելի է ցանկացած գործարարի կամ ներդրողի համար, ով ներդրումներ կկատարի հայտարարված գերակա ոլորտներում՝ առանց որևէ բացառության։

Անդրադառնալով ծրագրի ֆինանսական արդյունքներին՝ նախարարն ընդգծել է, որ անցած տարի տրամադրվել է 100 մլն 500 հազար դոլարի աջակցություն։ Այդ գումարից 1 մլն 200 հազար դոլարը պետք է մուտք գործեր ՀՀ պետական բյուջե, իսկ 99 մլն 300 հազար դոլարը՝ ԵԱՏՄ երկրների բյուջեներ, սակայն Կառավարությունը նախընտրել է, որ ամբողջ գումարը մնա Հայաստանում։ Սա, նրա խոսքով, հնարավորություն է տվել ստեղծել աշխատատեղեր, ապահովել հարկային մուտքեր և խթանել երկրի տնտեսական զարգացումը։

«Մենք աջակցում ենք բոլոր նման նախաձեռնություններին։ Եթե կան ծրագրեր և ներդրումային գաղափարներ, դիմեք», – ընդգծել է նախարար Գևորգ Պապոյանը։