Օտարերկրացիները Հայաստանում ավելի շատ վաճառում են անշարժ գույք, քան գնում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների ակտիվությունը շարունակում է աճել, սակայն հետաքրքիր միտում է նկատվում. նրանք ավելի շատ վաճառում են գույք, քան գնում: 

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները կատարել են 1 820 առքուվաճառքի գործարք՝ 4,7%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ գործարքները կազմում են շուկայի ընդհանուր ծավալի 6,8%-ը (մեկ տարի առաջ՝ 6,4%):

Առաջին կիսամյակում օտարերկրացիները գնել են 820 օբյեկտ, իսկ վաճառել՝ 1 047-ը: Այս միտումը ցույց է տալիս, որ օտարերկրացիները, հավանաբար, սկսել են դուրս բերել իրենց ներդրումները Հայաստանի շուկայից:

Ի՞նչ են գնում և վաճառում օտարերկրացիները

Գնումների կառուցվածքում առյուծի բաժինը բաժին է ընկնում բնակարաններին՝ 52,9%: Հաջորդում են ավտոտնակները (14,1%), հողամասերը (13,9%), առանձնատները (13,3%), հասարակական նշանակության շենքերը (5%) և արտադրական շենքերը (ընդամենը 0,7%):

Վաճառքների դեպքում գերակշռում են հողամասերը՝ 36,6%, որին հաջորդում են բնակարանները (33,5%) և առանձնատները (23,5%): Փոքր մաս են կազմում ավտոտնակները (3,5%), հասարակական (2,2%) և արտադրական շենքերը (0,7%):

Ակտիվ մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Սիրիայի, եվրոպական և ԱՊՀ երկրների քաղաքացիները: Այս տվյալները վկայում են, որ շուկան միջազգային ներդրողների համար դեռևս գրավիչ է, սակայն վաճառքների գերակշռումը կարող է ազդանշան լինել կապիտալի արտահոսքի մասին: