120 մլն դոլարի ներդրում՝ զբոսաշրջային 5 կլաստերի զարգացման նպատակով

Հայաստանի կառավարությունը նախատեսում է այս տարվանից սկսել լայնածավալ ծրագրեր՝ ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը հինգ հիմնական կլաստերներում։ Ծրագրերի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 120 մլն դոլար` վարկային և պետական միջոցների համակցությամբ։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ առաջնահերթ ընտրված կլաստերներն են Գյումրին, Եղեգիսը, Գորիսը, Դաշտադեմը և Ջերմուկը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ձևավորված է 20 զբոսաշրջային կլաստեր, սակայն առաջիկա հինգ տարիներին ենթակառուցվածքների բարելավման հիմնական շեշտը դրվելու է հենց այս հինգ ուղղությունների վրա։

Գևորգյանը նաև նշել է, որ առաջիկա տարիներին ակնկալվում է զգալի աճ զբոսաշրջիկների հոսքում․ «Մենք հաջորդ 5 տարիների ընթացքում ակնկալում ենք հյուրընկալել այնքան մարդ, որքան ապրում է Հայաստանում՝ առնվազն 3 մլն մարդ, իսկ մինչև տասնամյակի ավարտը կարծում ենք, որ այդ թիվը կարող է հասնել մինչև 5 մլն զբոսաշրջիկի»։