5.6% գնաճ. ո՞ր ապրանքատեսակներն են Հայաստանում թանկացել հոկտեմբերին

Հայաստանում օր օրի թանկացումներ են, ինչը տեսանելի է ամեն խանութ այցելելիս: Պաշտոնական վիճակագրությունն էլ դա ապացուցում է՝ համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գների հետ: 

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2025 թ. հոկտեմբերին 2024 թ. հոկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 5.6%-ով (ամսական՝ 0.7%): Մասնավորապես, թանկացել է հացն ու հացաբուլկեղենը, մսամթերքը, կաթնամթերքը, հայերի կողմից այդքան սիրված սուրճը:

Թանկացումների վիճակագրությունն ունի հետևյալ տեսքը. հացի գինը աճել է 3.5%-ով (ամսական կտրվածքով՝ 0.2% աճ), ալյուրի գինը՝ 6%-ով (0.4% աճ):

Թռչնամսի գները հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 1.9%-ով (ամսական կտրվածքով աճել է 0.4%-ով), տավարի մսի գները՝ 3.2%-ով (0.4%), գառան մսի գները՝ 10.6%-ով (5.11%), իսկ խոզի մսի գները՝ 9.9%-ով (0.8%): Զգալի թանկացել է նաև ձուկն ու ծովամթերքը՝ 2025 թ.-ի հոկտեմբերին 2024 թ.-ի հոկտեմբերի համեմատ աճել են 15.3%-ով, իսկ նույն թվականի սեպտեմբերի համեմատ՝ 0.5%-ով: Օրինակ, իշխանի գները աճել են 16%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.3%-ով:

Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա մածունի գինը հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 4.8%-ով (ամսական կտրվածքով աճել է 4.5%-ով), պանրինը՝ 2.2%-ով (1.4%), թարմ կաթի գինը՝ 4%-ով (2.5%), ձվի գինը՝ 0.3%-ով (3.8%):

Հոկտեմբերին սուրճի գները տարեկան կտրվածքով աճել են 12.6%-ով (ամսական կտրվածքով աճել է 1.5%-ով): Իսկ ծխախոտի գները հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 8.3%-ով:

Մինչդեռ անցած շաբաթ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ «Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով»: