Ամանորը մոտ է, գիրք գնելու ժամանակն է. ի՞նչ նվիրել փոքրիկ ընթերցասերներին

Մի քանի շաբաթից Ամանոր է, և ժամանակն է մտածել սիրելիների համար նվերների մասին: Իսկ ի՞նչ եք նվիրելու ամենափոքրերին:

Ո՞րն է ամենալավ նվերը: Իհարկե՝ գիրքը: Առաջարկում ենք լավագույն գրքերը, որոնք կուրախացնեն ձեր ընթերցասեր երեխաներին: Եվ այսպես….

  1. Ջոան Ռոուլինգ — «Հարրի Փոթեր»-ի բոլոր մասերը

Չհնացող և ակտուալություն չկորցնող սպասված նվեր բոլոր տարիքի երեխաների ու նաև մեծերի  համար: «Հարրի Փոթերի» գրքերի շարքը նման է հեքիաթի. անցնում ես մոգերի կախարդական աշխարհ, որտեղ ամեն բան հնարավոր է՝ կախարդություններ, մոգություն և պայքար այնպիսի հզոր ուժերի դեմ, որոնք կարող են փոխել ամբողջ աշխարհը: Բայց միևնույն ժամանակ սա շարք է իրական ընկերության, ճիշտ արժեքների ու արժեհամակարգի մասին, այս գրքերը հիանալի ուղեցույց են երեխաների համար:

  1. «Սուրբ Ծննդյան պատմություններ»

Զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է 16 հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն: Գիրքն բաժանված է 2 բաժնի՝ հեքիաթների և պատմվածքների, որոնք նախատեսված են և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների համար:

  1. Չարլզ Դիքենս — «Սուրբ Ծննդյան երգը»

Իսկապես չհնացող դասականը. «Սուրբ Ծննդյան երգը» Էբենեզեր Սքրուջ անունով մի կոպիտ և ագահ մարդու մասին է, ով Սուրբ Ծնունդը միայն «կախարդանք» ու «տարօրինակություն» էր համարում։ Սքրուջը չի ճանաչում սեր, բարություն և ընկերասիրություն: Նրա համար երջանկությունը փողի մեջ է: Բայց հենց Սուրբ Ծննդյան նախաշեմին նա տեսնում է  երեք տարօրինակ երազ:

  1. Բաում Լայմըն Ֆրենկ — «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները»

Գեղեցիկ և հեքիաթային պատմություն է այն մասին, թե ինչպես է Սանտա Կլաուսը դարձել մանուկների սիրելի մարդ, ով Սուրբ Ծննդյան օրը նվերներ է բերում լավ երեխաներին։

  1. Ֆլեթչեր Թոմ- «Տոնազավրը և ձմռան կախարդը»

Այս գիրքը երեխաներին հրաշալի հնարավորություն է տալիս ծանոթանալու ամանորյա մոգությանը՝ միաժամանակ նրանց առաջարկելով զվարճալի ու խորքային պատմություն, որը լի է  արժեքավոր բարոյական դասերով։