Ապօրինի կանգնակներ Երևանի փողոցներում. Քաղաքապետարանը հորդորում է չվճարել
Մայրաքաղաքի բնակիչները նկատել են՝ Երևանի փողոցներում, գրեթե ամենուր տեղադրված են կանգնակներ, որոնց տեսնելով վարորդը ստիպված է լինում շարունակել մեքենայի ընթացքը մինչև կայանման վայր գտնելը: Իսկ դա այսօրվա Երևանում ուղղակի անհնարին քվեստ է:
Մամուլը բազմաթիվ անգամներ է բարձրացրել այս հարցը, դիմել պատկան մարմիններին, որպեսզի ինչ-որ բան փոխվի, բայց իրավիճակը գլոբալ առումով չի փոխվում. Տնտեսվարողները կամ անհատները ինքնակամ տեղադրում են կանգնակներ համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում, իսկ ոմանք անգամ գումար վաստակում այս եղանակով՝ տեղը զիջելով փողի դիմաց:
Եվ ահա Երևանի քաղաքապետարանը, կարծես, ուշադրություն է դարձրել այս խնդրին և հորդորում է չվճարել ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար:
«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում:
- Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել»,- հայտնում են կառույցից:
Հուսանք, սա իսկապես իրավիճակ կփոխի Երևանում և ոչ թե ժամանակավոր լուծում կլինի:

