Երեխայի ծնունդը կարելի է գրանցել առցանց՝ hartak.am հարթակում
Հայաստանում ներդրվել է նոր հնարավորություն․ այժմ երեխայի ծնունդը կարող եք պետականորեն գրանցել էլեկտրոնային ձևաչափով՝ այցելելով hartak.am կայք կամ սկանավորելով համապատասխան QR կոդը։ Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և «ԵսԵմ» համակարգով անցնել նույնականացում։
Հարթակ մուտք գործելուց հետո պետք է լրացնել համապատասխան դիմումը և նշել գործող էլեկտրոնային հասցե՝ հետադարձ կապը ապահովելու համար։
Գրանցման ընթացքը հետևյալն է․
— Մուտք գործեք հարթակ և ընտրեք «Քաղաքացիական կացության գրանցումներ» բաժինը։
— Այնուհետև ընտրեք «Ծննդի պետական գրանցում» և սեղմեք «Դիմել առցանց»։
— Համակարգը ավտոմատ կերպով կցուցադրի ձեր ընտանեկան կարգավիճակը, որը պետք է պարզապես հաստատել։
— Դիմումը էլեկտրոնային ստորագրելու և ուղարկելուց հետո այն այլևս չի կարող փոփոխվել։ Դուք կստանաք ծանուցում դիմումի ընդունման մասին։
Գրանցումն ավարտվելուց հետո ձևավորվում է ծննդի պետական վկայականը, որը ուղարկվելու է ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին։

