Երևանում կկառուցվի առաջին պետական կացարանը թափառող կենդանիների համար

Երևանում մեկնարկում է համայնքային կենդանիների կացարանների կառուցման ծրագիրը։ Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը, արդեն հայտարարված է առաջին խոշոր կացարանի շինարարության մրցույթը։

Նրա խոսքով՝ կացարանի նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և հիմք են ընդունվել կենդանիների բարեկեցության ժամանակակից չափանիշները։ «Սա պարզապես վանդակներով տարածք չի լինելու․ կացարանում կենդանիները կապահովվեն կերով, ջրով, բժշկական ծառայություններով և կունենան ազատ տեղաշարժի հնարավորություն», — նշում է Առաքելյանը։

Կացարանը նախատեսված է մինչև 300 թափառող շան համար։ Առաջնահերթ ուշադրություն կդարձվի այն կենդանիներին, որոնց տերերը տարբեր պատճառներով հրաժարվել են պահել։ Ըստ տնօրենի՝ նման կենդանիները առավել մեծ հնարավորություն ունեն կրկին ընտանիք գտնելու և որդեգրվելու։

Կացարանում գործելու են հստակ կանոններ․ բոլոր շները ենթարկվելու են ստերջացման և ստանալու են անհրաժեշտ բոլոր պատվաստումները։ Առաքելյանն ընդգծում է, որ սա կենդանիների առողջության և հանրային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է։

Միաժամանակ քննարկվում է կացարանի ներսում խնամքի կազմակերպման ամբողջ գործընթացը։ Կենտրոնը մեծ հույսեր ունի ներգրավելու կենդանասեր կամավորների, որոնք կմասնակցեն կենդանիների խնամքին և զբոսանքներին։ Նրա խոսքով՝ կամավորական մասնակցությունը կարող է կարևոր դեր խաղալ կենդանիների սոցիալականացման և որդեգրման գործընթացում։

Ծրագրի համաձայն՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականին։ Հարություն Առաքելյանն առանձնահատուկ կարևորում է այն հանգամանքը, որ սա լինելու է առաջին պետական կացարանը Հայաստանում։ «Մինչ այս Հայաստանի Հանրապետությունում պետության կողմից երբևէ չի կառուցվել կացարան, որը նախատեսված լինի անտուն կենդանիների համար», — ընդգծում է նա։

Նոր նախաձեռնությունը, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, կարող է դառնալ համակարգային քայլ՝ Երևանում թափառող կենդանիների խնդրի մարդասիրական և կայուն լուծման ճանապարհին։