«Թանգարանային աշխատանք. բացահայտումներ». «լուռ» արվեստի գործերի բացահայտումը
Ինչպե՞ս են «լուռ» արվեստի գործերը բացահայտում իրենց թաքնված ինքնությունն ու պատմությունը։ Այս հարցին է փորձում պատասխանել Հայաստանի ազգային պատկերասրահը՝ ներկայացնելով «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը:
Այս նոր ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի՝ վերջին տարիների ծավալուն հետազոտական, վերականգնման և որոշարկման աշխատանքների արդյունքում արված նշանակալի բացահայտումները։
Պատկերասրահը, որի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 40 000 արվեստի գործ և 200 000 արխիվային նյութ, շարունակում է վերհանել շուրջ մեկ դարի ընթացքում ձևավորված այդ ահռելի ֆոնդի գաղտնիքները։ Նոր թվային գործիքների և տքնաջան հետազոտական աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակների, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Գոհար Ֆերմանյանի, Հակոբ Գյուրջյանի, Պարմիջանինոյի, Լուի Անկետենի, Դավիդ Շտերենբերգի և այլ արվեստագետների նախկինում անհայտ գործերը։
Ցուցահանդեսը նաև ընդգծում է Վերականգնման բաժնի առանցքային դերը, որի շնորհիվ տեղի են ունեցել կարևոր հայտնաբերումներ՝ սկսած Մարտիրոս Սարյանի 1910 թվականի նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի եզակի սրբանկարը։
Այս բացահայտումները ոչ միայն օգնում են վերաիմաստավորել հայ արվեստի պատմությունը և ընդլայնում են համաշխարհային արվեստի ներկայացման հնարավորությունները Պատկերասրահում, այլև ցույց են տալիս վերջինիս առանցքային գործառույթը որպես գիտական հաստատություն և համամարդկային մշակութային ժառանգության պահապան։
Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 12-ին և կտևի մինչև փետրվարի 26-ը:

