Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության առաջին դեպքը
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։
Ինչպես հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-12 օր, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, մասնահատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է․ օգտագործել հակամիջատային ցանցեր; կրել փակ, երկարաճիտք հագուստ; օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր», — ասվում է հաղորդագրությունում։
Նաեւ նշվում է, որ վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ, եւ ճանապարհորդներին խորհուրդ է տրվում նշված տարածաշրջաններից վերադառնալիս ախտանշանների առկայության դեպքում դիմել բժշկի՝ վարակաբանի։

