Հարավային Ամերիկայի կանաչ «ոսկին»՝ Հայաստանի առողջության համար

Դեռ մի քանի տարի առաջ այս հատապտուղը էկզոտիկ էր համարվում, իսկ այսօր կանաչ պտուղները կարելի է գտնել յուրաքանչյուր վաճառասեղանին։ Կենսաբանները ֆեյխոան անվանում են «վիտամինային ռումբ», իսկ բժիշկները՝ փրկություն յոդի պակաս ունեցող տարածաշրջանների բնակիչների համար, որոնց թվին է դասվում նաև Հայաստանը։

Պատմում ենք, թե ինչով է յուրահատուկ այս «օտարերկրյա հյուրը», ինչու են դրա համը համեմատում արքայախնդորի (անանասի) հետ և ում է պետք զգույշ լինել դրա հետ։

Բրազիլիայից մինչև Սյունիք

Ֆեյխոայի հայրենիքը հեռավոր Հարավային Ամերիկան է (Բրազիլիա, Պարագվայ, Արգենտինա): Բույսն իր անսովոր անունը ստացել է ի պատիվ հայտնագործողի՝ պորտուգալացի բնագետ Ժոան դա Սիլվա Ֆեյժոյի:

Սակայն այսօր այս հատապտղի հետևից օվկիանոսը կտրել-անցնելու կարիք չկա։ Այն հրաշալի հարմարվել է Ռուսաստանի հարավում, Վրաստանում և Աբխազիայում։ Ավելին, արևադարձային այս մշակաբույսը հաջողությամբ աճեցվում է նաև Հայաստանի հարավում։ Ծառերն այստեղ իրենց հիանալի են զգում․ ընդամենը մեկ բույսը կարող է տալ մինչև 35-40 կգ բերք։

Ինչո՞ւ է ֆեյխոան անհրաժեշտ հենց Հայաստանում

Ֆեյխոայի գլխավոր «գերուժը» յոդի ռեկորդային պարունակությունն է։ Այս ցուցանիշով հատապտուղը դասվում է ծովամթերքի հետ նույն շարքում։

«Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ յոդի դեֆիցիտ կա։ Մեր օդում, ջրում և հողում գրեթե բացակայում է այդ տարրը, ինչը հանգեցնում է էնդոկրին հիվանդությունների տարածվածության», — նշում է Երևանի բուսաբանական այգու գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանը։

Փորձագետը խորհուրդ է տալիս բաց չթողնել ֆեյխոայի սեզոնը։ Յոդը բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է ակտիվությունը և վերացնում քրոնիկ հոգնածությունը։ Սա վահանաձև գեղձին աջակցելու ամենահամեղ միջոցն է։

Ելակի համ և կիտրոնի օգտակարություն

Հասած ֆեյխոայի համը զարմանալի խառնուրդ է՝ ելակի, արքայախնդորի և կիվիի միջինը։ Բայց աղանդերային համի տակ թաքնված է առողջարար հզոր բաղադրություն․

  • Վիտամին C. մինչև 40 մգ՝ 100 գրամում։ Սա իմունիտետի հզոր աջակցություն է ձմռանից առաջ։
  • Հանքանյութեր. երկաթ, մագնեզիում, կալիում, կալցիում և ցինկ (բարելավում են արյան շրջանառությունը)։
  • B խմբի վիտամիններ. աջակցում են նյարդային համակարգին։
  • Բջջանյութ. օգնում է մարսողությանը։

Եվ սա նաև նրանց երազանքն է, ովքեր հետևում են կազմվածքին։ Հատապտղի կալիականությունը ընդամենը 55 կկալ է 100 գրամում։

Ինչպե՞ս ընտրել և ուտել

Ֆեյխոան նուրբ մթերք է։ Թարմ հատապտուղները հավաքելուց հետո պահպանվում են 10 օրից ոչ ավել, ուստի գնելուց հետո ավելի լավ է դրանք ուտել 2–3 օրվա ընթացքում (պահել խիստ սառնարանում)։

Խոհարարական հնարք.
Պահպանման ամենատարածված ձևը «կենդանի մուրաբան» է։ Պարզապես մաքրած հատապտուղներն անցկացրեք մսաղացով և խառնեք շաքարավազի կամ մեղրի հետ (1:1 հարաբերակցությամբ)։ Այս աղանդերը եփել չի պահանջում և պահպանում է բոլոր օգտակար հատկությունները։

Պտուղները նաև ուտում են թարմ վիճակում (գդալով՝ կիսելուց հետո), ավելացնում կոմպոտների, լիմոնադների և աղցանների մեջ։ Կեղևը կարելի է ուտել, բայց եթե այն չափազանց տտիպ է թվում, կարելի է հեշտությամբ հեռացնել դանակով։

Կարևոր է իմանալ ում է հակացուցված

Չնայած օգտակարությանը՝ ֆեյխոան ունի հակացուցումներ։ Բժիշկները խորհուրդ են տալիս այն զգուշությամբ ներառել սննդակարգում.

  1. Հիպերթիրեոզի դեպքում. յոդի ավելցուկը կարող է վնասել, եթե վահանաձև գեղձն առանց այն էլ չափազանց ակտիվ է։
  2. Գաստրիտի և պանկրեատիտի դեպքում. եթերայուղերը և թթվայնությունը կարող են գրգռել ստամոքսը։

Եթե առաջին անգամ եք փորձում ֆեյխոա, սկսեք մի քանի հատից՝ օրգանիզմի արձագանքը ստուգելու համար։

Բարի ախորժակ և քաջ առողջություն։