Հեռախոսային խաբեության նոր ալիք
Վերջին ամիսներին Հայաստանում կրկին ակտիվացել են հեռախոսային խարդախության դեպքերը, երբ անծանոթ անձինք զանգահարում են քաղաքացիներին՝ ներկայանալով իրավապահ մարմինների, բանկերի կամ պետական կառույցների աշխատակիցներ։
Նման զանգերի ընթացքում խաբեբաները փորձում են վախեցնել կամ շտապեցնել զրուցակցին՝ համոզելով, թե նրա հաշվեհամարին վտանգ է սպառնում, կամ անհրաժեշտ է «անվտանգության համար» գումարը փոխանցել այլ հաշվեհամարի։
ՆԳՆ Կիբեռոստիկանությունը կրկին կոչ է անում չտրվել նման մանիպուլյացիաներին։ Իրավապահների անունից կատարվող հեռախոսազանգերով երբեք չեն պահանջում փոխանցել գումար այլ հաշվեհամարների։ Եթե ստանում եք նման զանգ, առաջին և ամենակարևոր քայլը կապ հաստատելն է ոստիկանության հետ և ճշտել տեղեկատվության։
Մասնագետների խոսքով՝ խաբեբաները հաճախ օգտագործում են հոգեբանական ճնշման մեթոդներ՝ ստեղծելով շտապողականության և վտանգի զգացում։ Սա այն պահն է, երբ քաղաքացին պետք է կանգ առնի և ինքն իրեն պարզ հարց տա․ ինչո՞ւ պետք է իմ գումարը, անծանոթ անձի պահանջով, հեռախոսով փոխանցեմ այլ հաշվեհամարի։
Կիբեռոստիկանությունը նաև հորդորում է չտրամադրել բանկային քարտերի տվյալներ, գաղտնաբառեր կամ SMS կոդեր, ինչպես նաև տեղեկացնել իրավապահներին նման փորձերի մասին։ Յուրաքանչյուր նման հաղորդում օգնում է բացահայտել խարդախ սխեմաներն ու կանխել նոր զոհերի առաջացումը։
Իրավապահները վստահեցնում են՝ քաղաքացիների զգոնությունն այսօր կիբեռհանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքն է։

