Նախընտրական քարոզարշավը Հայաստանում. Արթուր Օսիպյանի կալանավորումը և հանրության բողոքը
Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված համապետական ընտրությունների նախաշեմին ներքաղաքական իրավիճակը սրվել է: Նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է ազգային օրակարգի հարցերի շուրջ սուր քննարկումներով, որոնք հաճախ վերածվում են հասարակական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և շարքային քաղաքացիների նկատմամբ իրավական հետապնդումների: Նման աղմկահարույց դեպքերից մեկը դարձավ Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանի կալանավորումը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18-ին՝ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզչական շրջայցի ժամանակ: Նրան է մոտեցել Արթուր Օսիպյանը, և նրանց միջև վեճ է բռնկվել: Արցախցի գործիչը բարձրացրել է 2020-2023 թվականների ողբերգության վերաբերյալ հարցեր, որոնք խորը անհանգստություն են առաջացնում ողջ հասարակության մոտ: Բանավեճի ընթացքում իրավիճակը շիկացել է, և Օսիպյանին հեռացրել են Փաշինյանի մոտից: Ավելի ուշ՝ ուղիղ եթերի ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին է ցույց տվել սոցցանցերում Օսիպյանի արած մի գրառում, որն արվել էր նախքան միջադեպը: Դրանում ակտիվիստը հայտարարել էր. «Եթե մեկը գիտի՝ որտեղ է Նիկոլը, հայտնեք: Գտնելու եմ ու փետուրները հանեմ»: Դրանից հետո սոցցանցում Օսիպյանի էջը հեռացվել է, իսկ ինքը՝ ձերբակալվել: Մայիսի 21-ին դատարանը Արթուր Օսիպյանին կալանավորել է երկու ամիս ժամկետով:
Ի պատասխան այս իրադարձությունների՝ մի շարք հասարակական կազմակերպություններ, մշակութային գործիչներ, Հայաստանի և Արցախի քաղաքացիներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իրենց վճռական բողոքն արտահայտելով Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդման դեմ: Փաստաթղթի հեղինակները անընդունելի են համարում ինչպես բուն կալանավորումը՝ այն անվանելով ապօրինի և անհամաչափ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը վեճի ժամանակ: Մասնավորապես, վարչապետի հարցը՝ «Ինչո՞ւ ես ողջ ու չես զոհվել մեր տղաների փոխարեն», համարվել է անթույլատրելի պետական գործչի համար:
Ուղերձը նախապատրաստած հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ Օսիպյանի ձերբակալությունն ու կալանավորումը ոչ միայն խաթարում են վստահությունը ժողովրդավարության և իրավապահ մարմինների հանդեպ, այլև ստվեր են գցում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների վրա՝ կասկածի տակ դնելով իշխող ուժի պատրաստակամությունը հարգել մարդու հիմնարար իրավունքները: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Օսիպյանը բարձրացրել է 2020-2023 թթ. ողբերգության պատճառների և քաղաքական ղեկավարության դերի վերաբերյալ հարցեր, որոնց պատասխանները հետաքրքրում են ոչ միայն արցախցիներին, այլև ողջ հասարակությանը: Համերաշխության մթնոլորտի հաստատման միակ ճիշտ ուղին հայտարարության հեղինակները համարում են քաղաքակիրթ երկխոսությունը և փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների անցկացումը: Նրանք կոչ են անում իշխանություններին հնարավորինս շուտ դադարեցնել Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումը և պայմաններ ստեղծել կոնստրուկտիվ քննարկումների համար:
Հայտարարության տակ ստորագրել են շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքացիների մի մեծ խումբ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ, բժիշկներ, ուսուցիչներ, իրավապաշտպաններ և արվեստի գործիչներ:

