Նորքում կստեղծվի 50 հա քաղաքային անտառ-պուրակ

Նորքում նախատեսվում է ստեղծել 50 հեկտար մակերեսով քաղաքային անտառ-պուրակ։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծվելիք անտառ-պուրակը պետք է լինի քաղաքային միջավայրին համապատասխան և ծառայի քաղաքացիների հանգստի համար։ Նրա խոսքով՝ տարածքում պետք է լինեն քայլուղիներ, վազքուղիներ և հեծանվային ուղիներ, առանց որևէ առևտրային օբյեկտի։ «Դա լինելու է ակտիվ կյանքի համար հարմար տարածք, բայց առանց կոմերցիոն կետերի»,– նշեց նա։

Նա նաև հիշեցրեց Դալմայում իրականացվող նմանատիպ ծրագրի մասին՝ ընդգծելով, որ այնտեղ նախատեսված տարածքն ավելի մեծ է։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, որ Նորքում մոտ 50 հեկտար տարածքը կվերածվի անտառային գոտու, իսկ հետագայում այն ամբողջությամբ կներառվի անտառային համակարգում։ Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար նախատեսվում է ներգրավել միջազգային դոնորներ։

Փաշինյանը դրական գնահատեց նախաձեռնությունը՝ նշելով, որ 50 հեկտարին հնարավոր է ավելացնել ևս մոտ 250 հեկտար, ինչը Երևանում կարող է լուծել կարևոր բնապահպանական խնդիր։ Նա ընդգծեց նաև նախագծի արագ իրականացման և ոռոգման համակարգի, մասնավորապես կաթիլային ոռոգման, նախապես կազմակերպման անհրաժեշտությունը։