Նվազագույն աշխատավարձը Հայաստանում. թվեր, որոնց մեջ կյանք չկա
Հայաստանում գնաճն այն մակարդակի է հասել, որ նվազագույն աշխատավարձի մակարդակը դրա հետևից չի հասցնում: Ավելին, մարդիկ կատակում են՝ «նվազագույն աղքատավարձ», ինչը ամբողջությամբ փոխանցում է իրավիճակը:
Արհմիությունների ուսումնասիրությունը բացահայտել է անհանգստացնող պատկեր. Հայաստանում նվազագույն աշխատավարձը նույնիսկ չի ծածկում ընտանիքի ապրուստի համար առաջնահերթ ծախսերը: Թեև ամեն ինչ թվում է «նորմայի սահմաններում», իրականությունը վաղուց այլ է: Եվ Կառավարության հաշվարկները պարզապես չեն կարողանում համընթաց լինել սոցիալ-տնտեսական զարգացումներին:
Եվ այսպես, ի՞նչ են հայտնաբերել փորձագետները: Նախ, Հայաստանում դեռևս բացակայում է ապրանքների և ծառայությունների նվազագույն զամբյուղը որոշելու պաշտոնական մեթոդաբանությունը: Իսկ աշխատավարձի ինդեքսավորման մեխանիզմը գոյություն ունի միայն օրենքի տեսքով, բայց ահա գործնականում չի կիրառվել ավելի քան 20 տարի:
Ի դեպ, նվազագույն աշխատավարձի վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարին և այժմ այն կազմում է 75,000 դրամ:
Սակայն օրինակի համար ընթացիկ 2025 թվականի երրորդ եռամսյակի նվազագույն կենսապահովման ծախսերի բյուջեն արդեն իսկ գերազանցել է այդ թիվը և կազմում է 78,290 դրամ: Սա լուրջ խնդրի մասին է խոսում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որը գնաճը շարունակում է հաստատուն քայլելով տեղ ամրապնդվել մեր կյանքում:
Հետազոտությանը մասնակից ընտանիքների կարծիքով, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների վրա իրական ծախսերը հաճախ մի քանի անգամ գերազանցում են պաշտոնական ցուցանիշները: Օրինակ, բազմազավակ ընտանիքներում սննդի ծախսերը հասնում են ամսական 150,000–250,000 դրամի։
Մասնագետները մատնանշում են՝ պետությունը պետք է լրջագույնս զբաղվի այս հարցով և շտկի բացերը: Այդպես, ԵՊՀ դոցենտ Ռուբեն Մարկոսյանը շեշտում է՝ առանց հաստատված սպառողական զամբյուղի և գործող ինդեքսավորման, պետությունը չի կարող ապահովել մարդկանց նվազագույն կենսամակարդակը։
Խնդիրը թվերը չեն, այլ այն, որ դրանք այլևս չեն արտացոլում իրական կյանքը։

