Ոչ թե կրկին, այլ նորից. Հայաստանում կարգելեն պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Եվ այսպես, Կառավարությունը վերադարձել է իր սիրելի թեմային՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքին: Հիշեցնենք, 2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է արգելք մինչև 50 միկրոն խտությամբ պոլիթիլենային տոպրակների վաճառքի վրա, ինչը բերեց դրանց թանկացման, բայց ոչ օգտագործման նվազման:

Իսկ հիմա մեզ հավաստիացնում են, որ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Միակ բացառությունը, որ կսահմանվի, վերաբերում է կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով տարաների համար։

Արգելքը խախտելու համար սահմանվել է նաև պատասխանատվություն․ առաջին խախտման դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ և հաջորդող դեպքերի համար տուգանք՝ 100 — 150 հազար դրամի չափով: