Պետական մարմիններն այլևս չեն կարողանա բողոքարկել մինչև 300 000 դրամ տուգանքները
Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որի հիմնական նպատակը դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումն է և ավելի արագ, արդյունավետ դատավարությունների ապահովումը։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Փաթեթով առաջարկվում է, որ վերաքննության բողոքները վարչական դատարանում հիմնականում քննվեն գրավոր ընթացակարգով։ Բանավոր քննություն կկազմակերպվի միայն այն դեպքում, եթե բողոքը պատճառաբանված է և հիմնավորված։
Բացի այդ, վերաքննության բողոքների քննության համար սահմանվում է հստակ ժամկետ՝ 6 ամիս։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը մեկ անգամ՝ ևս 4 ամսով։
«Մենք գիտակցում ենք, որ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության որակը դեռևս խնդիրներ ունի։ Հենց այդ պատճառով փաթեթով սահմանափակվում է վարչական մարմինների՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը։ Այս սահմանափակումը կիրառվի այն վարչական ակտերի դեպքում, որտեղ տուգանքի գումարը չի գերազանցում 300,000 ՀՀ դրամը։ Այլ կերպ ասած՝ եթե տուգանքը 300,000 դրամից պակաս է, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող բողոքարկել դատարանում։
Այս փոփոխությունը, մի կողմից, կօգնի թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը և ապահովել քաղաքացիների համար ավելի մատչելի ու արագ արդարադատություն։ Մյուս կողմից՝ այն կստիպի վարչարարություն իրականացնող մարմիններին ավելի պատասխանատու լինել իրենց աշխատանքում, կբարձրացնի նրանց ուշադրությունն ու զգոնությունը՝ խուսափելով սխալներից»,- ասել է նախարար Գալյանը։

