Վարորդական քննությունների կարգը փոխվում է
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։
Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։
Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։

