Վրաստանը խստացնում է մուտքը զբոսաշրջիկների համար

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանը խստացրեց մուտքը սեփական տարածք: Համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։

Այսուհետ Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

  • Ապահովագրական պայմանագրի կողմեր
    • Ծածկույթի տարածք
    • Ապահովագրության առարկա
    • Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
    • Ապահովագրված ռիսկեր
    • Ապահովագրական գումարի չափ
    • Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։

Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։