Փաշինյանը խոստացավ վերականգնել ՔՊ քաղաքական մենաշնորհը Գյումրիում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թվում է, վերջնականապես դադարել է թաքցնել իր վրդովմունքն այն փաստից, որ երկրի երկրորդ քաղաքը հայտնվել է գործող իշխանության քաղաքական վերահսկողությունից դուրս: Ելույթ ունենալով Գյումրու նախընտրական հանրահավաքում՝ կառավարության ղեկավարը ոչ միայն քննադատեց քաղաքի ղեկավարությանը, այլև, ըստ էության, ազդարարեց քաղաքը սեփական թիմի կառավարմանը վերադարձնելու արշավի մեկնարկը։

Սա նման անկեղծության առաջին դեպքը չէ՝ սրանից մեկ շաբաթ առաջ, Երևանի Կենտրոն համայնքում իր քարոզարշավն անցկացնելու ժամանակ վարչապետն իր թիմակիցների հետ արդեն խոսել էր Գյումրիում «իշխանափոխության անհրաժեշտության» մասին։ Ըստ նրա՝ եթե կենտրոնական և քաղաքային իշխանությունների միջև չկա քաղաքական հավատարմություն, քաղաքը դատապարտված է վերածվելու «ավերակների»: Որպես գլխավոր օրինակ Փաշինյանը այդ ժամանակ բերեց հենց Գյումրին՝  նշելով, որ այստեղ ընդդիմության հաղթանակից հետո հարաբերությունները կառավարության հետ կտրուկ վատացել են։

«Անցնում ես Գյումրու նշանը՝ և հայտնվում ես ավերակներում», — հայտարարեց վարչապետը՝ քաղաքի խնդիրները կապելով «հեղափոխական իշխանության» բացակայության հետ։

Ըստ էության, վարչապետը հասկացնում է. գործող իշխանության տրամաբանությամբ՝ տարածաշրջանի զարգացումը կախված է ոչ այնքան տեղական կառավարման կամ պետական ծրագրերի արդյունավետությունից, որքան կառավարող կուսակցության հետ համահունչ լինելուց։ Այլ կերպ ասած՝ եթե քաղաքը քվեարկում է «իր ձևով», այն հայտնվում է մեկուսացման մեջ։

Խոսուն էր Փաշինյանի այն միտքը, թե Գյումրին իբր «ինքն իրեն մեկուսացրել է»։ Սակայն շատերի մոտ օրինաչափ հարց է առաջանում. կարո՞ղ է սահմանափակ ռեսուրսներ ունեցող քաղաքն իրականում «մեկուսացնել ինքն իրեն» առանց կենտրոնական իշխանության մասնակցության, որը վերահսկում է պետական բյուջեն, ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումների բաշխումը։

Ստացվում է, որ Փաշինյանի համար քաղաքական հավատարմությունը պրոֆեսիոնալիզմից կարևոր է, իսկ անհամաձայնությունն ավտոմատ կերպով տարածաշրջանը վերածում է «օտար տարածքի»։ Վարչապետի հայտարարությունները քաղաքի և կառավարության միջև եղած «դիսոնանսի» մասին միայն ուժեղացրեցին այս կասկածները։

Էլ ավելի կոշտ հանդես եկավ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ հունիսի 7-ից հետո անհրաժեշտ է ստանալ «ջախջախիչ մեծամասնություն», «ցրել այս խայտառակությունը» և նոր ընտրություններ անցկացնել Գյումրիում։ Ընտրված քաղաքային իշխանության հասցեին արված նման ձևակերպումները շատերի կողմից ընկալվեցին որպես ծայրահեղ մտահոգիչ ազդանշան՝ հատկապես ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին։

Փաստացի խոսքը քաղաքի քաղաքական վերագործարկմանը հասնելու մտադրության մասին է այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտին Գյումրու քաղաքապետ ընտրվեց ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը։ Արդեն մի քանի ամիս անց նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին․ ընդդիմությունը համոզված է՝ քաղաքապետի նկատմամբ ճնշումները քաղաքականապես մոտիվացված էին։

Այս ֆոնին Փաշինյանի խոսքերը արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին իրականում նախազգուշացում են՝ վերընտրվելու դեպքում ՔՊ-ն վերականգնելու է իր կորցրած քաղաքական մենաշնորհը Գյումրիում։ Ընդ որում, դա արվում է ներկայիս իշխանության համար սովորական ոճով՝ «յուրայինների» ու «օտարների», «հեղափոխականների» ու «ոչ հեղափոխականների» հակադրման միջոցով։