2026 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ:
«Այս պահին ունենք 661 հազար քաղաքացի, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, նրանցից կանխիկ ստանում է ընդամենը 60 հազարը, 600 հազարը ստանում է անկանխիկ»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, որպեսզի 60 հազար քաղաքացիների համար, որոնց մի մասն աջակցության կարիք են ունենալու կանխիկից անկանխիկ անցման գործընթացում, դա լինի հնարավորինս սահուն:
Հիշեցնենք, որ այս պահին ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին և երկրորդ երեխայի դեպքում 300 000 դրամ է, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ։ Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում 1․5 մլն դրամ է տրամադրվում ընտանիքին:

