WhatsApp-ում և Telegram-ում ստեղծվել են Ճանապարհային դեպարտամենտի կեղծ հաշիվներ
Վերջին օրերին, օգտագործելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի և աշխատակիցների անուններն ու լուսանկարները, տարբեր հարթակներում (WhatsApp, Telegram) ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։
«Տեղեկացնում ենք, որ այդ հաշիվները որևէ առնչություն չունեն «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարի և աշխատակիցների հետ, և դրանցից ուղարկված հաղորդագրություններն արժանահավատ չեն։ Խնդրում ենք չպատասխանել նման հաշիվներից ստացված նամակներին»,- նշվում է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունում։
Մասնագետները կոչ են անում օգտատերերին զգոն լինել: «Ճանապարհային դեպարտամենտի» կեղծ հաշիվների ստեղծումը և տարածումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. նման հաղորդագրություններին վստահելով՝ օգտատերերը կարող են դառնալ հերթական խարդախության զոհ՝ տրամադրելով անձնական տվյալներ կամ միջոցներ հանցագործներին։ Ավելին, նման իրավիճակում «Ճանապարհային դեպարտամենտի» անունից կարող են տարածվել
կեղծ հրահանգներ կամ նախազգուշացումներ:
Կեղծ հաշիվների զոհ չդառնալու համար ստուգեք տեղեկատվությունը և գերատեսչության պաշտոնական կայքերի միջոցով, մի տրամադրեք անձնական և բանկային տվյալներ, կասկածելի հաշիվները նշեք որպես սպամ: Մի տարածեք հաղորդագրություններ, մինչև չհաստատեք դրանց իսկությունը:

