Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով
Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում կրկին յուրահատուկ համերգային երեկոյով․ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» համերգը։
Բարրոյի խոսքով՝ Փարիզից Հայաստան իր ամեն այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով։
«Այս տարի որոշեցի երկու կարևոր միջոցառում կազմակերպել՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Փարիզում։ Գեղեցիկ ծրագիր է սպասվում, ես ուզեցի, որ «Անուրջներ» համերգը ներկայացվի ակադեմիական տարբերակով և ոչ շատ էստրադային՝ բնականաբար շեշտը դնելով որակյալ և բարձրակարգ արտիստների վրա: Արտիստը պետք է համախմբող լինի, փորձի ավելին անել հայրենիքի համար իր ձայնով, ինչպես նաև փորձի հնարավորինս ճիշտ ներկայացնել հայ երգը թե՛ Հայաստանում թե՛ արտերկրում։ Դա բազմաշերտ գործունեություն է, այսօրվա արտիստին մեծ հնարավորություն է տրված, որից օգտվելով պետք է նա ամեն ինչ անի, որ մեր ազգը իր մշակութային զենքով տարբեր հարթակներում ներկայացվի ըստ արժանվույն»,-նշում է Բարրոն։
«Անուրջներ» համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, Սկենա երգչախումբը, Վիկտորյա և Լյանա Ուլիխանյանները։
Հաջորդիվ Ադամ Բարրոն հանդես կգա Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցում ապրիլի 24-ին՝ ներկայացնելով հայ երգն ըստ արժանվույն։ Սա բացառիկ պատմական համերգ է Հայոց Եղեռնի 111-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի և Արա Պարթևյանի ստեղծագործությունները` ի հարգանք անմեղ հայ զոհերի։

