Ամանորյա տոնավաճառներ. Երևանում որտե՞ղ փնտրել տոնական տրամադրություն
Դեկտեմբերի սկզբից Երևանը աստիճանաբար վերածվում է մի մեծ ձմեռային երթուղու: Քաղաքում բացվում են տոնավաճառներ, ստեղծագործական շուկաներ և տոնական այլ վայրեր, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով: Եթե ցանկանում եք գտնել ամանորյա տրամադրություն և նվերներ ընտրել առանց շտապողականության, ահա մայրաքաղաքի ամենանշանակալի վայրերը։
Տոնավաճառ և ցուցահանդես Նկարիչների միությունում
Դեկտեմբերի 22-29, Աբովյան փողոց (Կինո Մոսկվայի հարևանությամբ)
Նկարիչների միության պատմական շենքում անցկացվելու է դեկտեմբերյան տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու հայ արհեստավորների աշխատանքներ: Այստեղ կարող եք գտնել կերամիկա, զարդեր, տեքստիլ, նկարներ և տոնական դեկոր: Մթնոլորտը՝ ստեղծագործական արհեստանոցին բնորոշ, և կա մեծ հավանականություն գտնելու և տուն տանելու եզակի ու տարբերվող որևէ աշխատանք:
Ilik Market ՝ դեկտեմբերյան հարմարավետ տոնավաճառ
Նոյեմբերի 23-28, Ilik Art սրճարան, Թումանյան 42
Յուրատիպ տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Հայաստանում գործող վարպետների և արվեստագետների ապրանքանիշեր, հնարավոր է ձեռք բերել մոմեր, կերամիկա, կոսմետիկա և դիզայներական այլ իրեր: Վայր, որտեղ կարող եք տաքանալ համեղ ըմպելիքով և ընտրել գեղեցիկ նվերներ՝ առանց ամբոխի և աղմուկի:
Յուրաքանչյուր կիրակի՝ 13:00–18:00, տոնավաճառը կանցկացվի հեղինակների մասնակցությամբ, հնարավորություն տալով հյուրերին շփվել ստեղծագործողների հետ։
Big Christmas Market with Coca-Cola
Դեկտեմբերի 17-21, Մերիդիան Էքսպո կենտրոն, Ոսկերիչների փողոց 1
Երևանում ամենասպասված ու ՄԵԾ ամանորյա տոնը՝ Big Christmas Market with Coca-Cola տոնավաճառն է, որն արդեն հինգերորդ անգամ է անցկացվելու: 5 օր բոլորս ունենալու ենք հնարավորություն վայելելու 2025 թվականի ամենակախարդական և հեքիաթային օրերը, ներկայացված են լինելու 300-ից ավել կազմակերպություններ՝ ամանորյա առաջարկներով: Հեքիաթային տրամադրությունն երաշխավորված է:
Kap Christmas Market. նվերների կախարդանք ամեն շաբաթ-կիրակի
Դեկտեմբերի 1-ից հունվարի 15-ը, Seasons Park (Դիանա Աբգարի այգի),
Այգին վերածվելու է սուրբծննդյան ոգով պարուրված մեծ տարածքի՝ գունավոր տնակներով, որոնք լի են քաղցրավենիքով, խմիչքով, ձեռագործ իրերով և զվարճանքներով: Այս տարածքը հատկապես գեղեցիկ ու կախարդական է երեկոյան, երբ վառ լուսավորությունն է միանում:
Գլխավոր տոնավաճառը՝ հանրապետության գլխավոր տոնածառի մոտ
Դեկտեմբերի 14-ից հունվարի 15-ը, 2750-ամյակի այգի, Հանրապետության հրապարակ
Երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու արարողությունն ուղեկցվելու է Մեծ տոնական տոնավաճառի բացմամբ: Այստեղ կգտնեք քաղցրավենիք, նվերներ և հուշանվերներ, խաղալիքներ, սնունդ, ինչպես նաև տոնական երաժշտություն և բարձր տրամադրություն: Այս տոնավաճառը ձմեռային Երևանի գրավչության կենտրոնն է, որտեղ տիրում է տոնական ոգին:

