Բազրկանի՝ մոռացված ճաշ, որ ծնվել է սարերում

Արևի տակ չորացած խոտերի հոտը, ձիթենու փայլող տերևները, գառների զանգերի ձայնը։ Այդ ամենի մեջ ծնվել է մի պարզ, բայց անսովոր համեղ ուտեստ՝ բազրկանի։ Այսօր այն գրեթե չի հիշվում, բայց Մուսալեռի հովիվների համար բազրկանին եղել է ճաշ, որին սպասում էին ամբողջ օրը՝ նստած քարերի վրա, աչքերով հետևելով հոտին։

Բառն ինքնին հին է՝ իրանական արմատներով, երբեմն մեկնաբանում են որպես «վաճառական»։ Բայց Մուսալեռում բազրկանին կապում էին ոչ թե առևտրի, այլ աշխատանքի ու ազատության հետ։

Կան տարբեր տեսակի բազրկանիներ. մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մի հատ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և համեղ կերակուրը հովիվի։ Այդ ամենը խառնվում էր և ահա պարզ, բայց աներևակայելի հագեցնող ուտեստը պատրաստ էր։

Բազրկանին ոչ միայն հովվի ճաշ էր, այլև փիլիսոփայություն՝ պարզության մեջ գտնել հագեցում, քրտինքի մեջ տեսնել վայելք։ Մուսալեռցին ասում էր «Բազրկանին չես եփում, բազրկանին ստեղծում ես»։

Այսօր, երբ աշխարհի խոհանոցները լցված են բարդ բաղադրատոմսերով ու էկզոտիկ համեմունքներով, բազրկանին կարող է վերադառնալ մեր սեղան՝ որպես հիշեցում, որ իսկական համը երբեմն գալիս է սարերից՝ մի փոքր սոխից, մի կաթիլ ձիթայուղից ու հողի հոտից։