Գիրք նվիրելու օրվան ընդառաջ
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»: Ավանդաբար այդ օրը հանրապետության ողջ տարածքում՝ գրախանութներում, գրադարաններում, այլ հարթակներում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Թեև հետազոտությունները ցույց են տալիս, որ գրքերի շուկան բազմազան է, սակայն ակտիվ ընթերցողների տոկոսը մնում է ցածր։
Վերջին տարիներին Հայաստանում ավելացավ գրախանութների թիվը, որոնք անհետացել էին անցած դարի 90-ականներին: Եվ այսօր մեծ է համաշխարհային գրականության գլուխգործոցների թիվը, որոնք թարգմանվել են հայերեն և հասանելի են հայ ընթերցողին: Եվ սա միայն ուրախալի է, քանի որ հնարավորություն է տալիս ընթերցել բեսթսելերները նաև մայրենի լեզվով:
Ավելացել է նաև հայ հեղինակների քանակն ու նրանց կողմից հրատարակվող գրքերի բազմազանությունը, որոնք ինչպես ժամանակակից Հայաստանի մասին են, այնպես էլ գեղարվեստական արժեք ունեցող են: Շատ են նաև ինքնակենսագրականները: Այսպես, Հայաստանի գրախանութներում արդեն հասանելի է հայազգի մեծ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ «Իմ կյանքը միշտ կենտրոնում» գիրքը: Ըստ գրախանութների վաճառքների՝ ամենից շատ շարունակում են գնել Հարրի Փոթթերի մասին գրքերը, որոնք թարգմանվել են հայերեն, համաշխարհային բեսթսելերներ, ինչպիսիք են, օրինակ, Ռոբին Շարմայի ստեղծագործությունները, դասականներին՝ Էրիխ Մարիա Ռեմարկի, Գաբրիել Գարսիա Մարկեսի անմահ ստեղծագործությունները, և այլն:
Իսկ շատ գրախանութներում այս օրերին՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ գործում են զեղչեր: Այնպես որ շտապեք գիրք նվիրել, չէ որ դա շարունակում է մնալ լավագույն նվերը, և շատ գիրք կարդացեք:

