Հայ երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի 100-ամյակին նվիրված երեկո
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը իրավամբ համարվում է հայ բեմի թագուհին: Նրա հզոր ձայնը ապրեցրել է սերունդներ և այսօր էլ ապրեցնում է, քանզի հայ աշուղական երգի անկրկնելի երգչուհու ձայնը հնչում է սրտից:
Երգչուհու ռեպերտուարում առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման», նա երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Օֆելյա Համբարձումյանի ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ:
Շատ դեպքերում նրա կատարումները ոչ ոք այդպես էլ չկարողացավ գերազանցել, և Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։
Օֆելյա Համբարձումյանի ձայնը ապրեցնում է այսօր, այն պահանջված է և դրա վառ վկայությունն է նրա 100-ամյակին նվիրված համերգը, որը կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Այսօր երեկոյան ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգով:
Կազմակերպիչները խոստանում են անզուգական երեկո, որի ողջ ընթացքում Օֆելյա Համբարձումյանի շունչը կթևածի ու հանդիսատեսին կնվիրի անմոռանալի հույզեր:

