Մարմնով պատմված լեգենդ. Երևանում կցուցադրվի «Անահիտ» պլաստիկ դրաման
Հայաստանի թատերական կյանքում նախապատրաստվում է թատերաշրջանի ամենաարտասովոր և սպասված պրեմիերաներից մեկը։ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում առաջին անգամ կներկայացվի «Անահիտ» պլաստիկ դրաման՝ հին հայկական լեգենդի ժամանակակից ընթերցումը՝ ստեղծված պարի, շարժման և էմոցիաների լեզվով։
ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանի նախաձեռնած նախագծում դասական սյուժեն նոր շունչ է ստանում։ Բեմադրության հիմքում «Անահիտ» հայտնի լեգենդն է՝ սիրո, արժանապատվության, ներքին ուժի և ընտրության մի պատմություն, որը ծանոթ է հայ ընթերցողների ու հանդիսատեսի բազում սերունդների։ Սակայն այս անգամ այն կպատմվի առանց սովորական թատերական կաղապարների՝ մարմնի պլաստիկայի, ռիթմի և մթնոլորտի միջոցով։
Ներկայացման ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը, իսկ բեմադրությունը Սոֆի Դևոյանի հետ համատեղ իրականացրել է Հովհաննես Սարգսյանը։ Երաժշտական ձևավորումը հեղինակել են կոմպոզիտորներ Արա Թորոսյանն ու Կարեն Անանյանը։

