Մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը

Ապրիլի 14-ին մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ սպասվում է բավական հագեցած ծրագիր, լինելու է երկու տասնյակից ավելի ներկայացում։

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար։ Այս տարի փառատոնին մասնակցում են Ռումինիայից, Իսպանիայից, Իտալիայից, Սերբիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Նախնական մասնակցություն նախատեսված է նաև Իրանից։

Փառատոնի միջազգային ծրագրում հանդես կգան Գեորգի Գասվիանին՝ «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ» (Վրաստան), Վիտալի Յարոշը՝ «Պարալիմպիկ» (ՌԴ), Անդրեյ Յակովլևը՝ «Փրկել կամեր-յունկեր Պուշկինին» (ՌԴ),  Խոսե Անտոնիո Լուսիան՝ «Կարիճ կամ արարողություն (Իսպանիա),  Ռադե Կոստիչը՝ «Չապլին․ իմ պատերազմը» (Սերբիա), Դորսա Միրզային՝ «Պրոմեթևս» (Իրան), Քրիստիան Իզզոն՝ «Պուլչինելլան «Ծառա առանց տիրոջ» (Իտալիա) ներկայացումներով:

Տեղական ծրագրում հանդես կգան Աղասի Մելքոնյանը՝ «Թղթե մարդը», Ալլա Սահակյանը՝ «Լույսի ծածկագիրը»,  Լիլիա Մուկուչյանը՝ «Կոնտրաբաս»,  Բաբկեն Զաքարյանը՝ «ՆԵԵսենին», Սամվել Էլբակյանը՝ «Կոմիտաս», Անահիտ Ղազարյանը՝ «Պարուհին» մոնոներկայացումներով: Փառատոնի փակումը նախատեսված է մայիսի 1-ին Կարինե Խոդիկյանի «Ինքնաթիռների և մարդկանց մասին» մոնոներկայացմամբ։

Փառատոնը ոչ միայն հրաշալի մոնոներկայացումները վայելելու հնարավորություն է, այլև լավ հարթակ է տեղի արվեստագետների համար՝ միջազգային գործընկերների հետ շփվելու, նոր գաղափարներ քննարկելու, համագործակցության եզրեր գտնելու համար։