Միջազգային «Ռոլան» փառատոնը Հայաստանում․ ծրագրում ընդգրկվել է 120 ֆիլմ՝ 45 երկրից

Հայաստանում մեկնարկել է մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 21-րդ «Ռոլան» փառատոնը։ Այս տարի ներկայացվում են շուրջ 40 բազմաժանր և բազմաբովանդակ ֆիլմեր։

Կազմակերպիչները ստացել են աննախադեպ թվով հայտեր՝ 850 ֆիլմ՝ 50 երկրից, որոնցից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 120 ֆիլմ՝ 45 երկրից։

Բացման արարողությունները անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև Շիրակի և Լոռու մարզերում։ Փառատոնը բացվել է «Հեքիաթներ կախարդական այգուց» (Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆրանսիա, 2025) անիմացիոն ֆիլմի պրեմիերայով, որը ցուցադրվել է նաև Բեռլինի կինոփառատոնի բացման ժամանակ։

21-րդ «Ռոլան» փառատոնը հավատարիմ է իր ձևաչափին․ մանկապատանեկան ժյուրին կազմված է բացառապես երեխաներից և պատանիներից։ 

Այս տարվա նորությունն է ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգը, որտեղ ներկայացված են հենց երեխաների կողմից նկարահանված ֆիլմեր։

«Մեր Մեծերը» կրթամշակութային ծրագրում իրականացվելու են «Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» և «Կալենցներ» փաստավավերագրական ֆիլմերի հատուկ ցուցադրությունները։

Երևանյան պրեմիերաների շարքում առանձնանում է նաև «Բարտալիի հեծանիվը» (Իտալիա, Հնդկաստան, Իռլանդիա, 2024) ֆիլմը, որը բազմիցս արժանացել է միջազգային մրցանակների։