Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանում տեղի կունենա բարեգործական մեծ համերգ

Մայիսի 22-ին՝ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա բացառիկ իրադարձություն։ Հանդիսատեսին կներկայացվի Aznavour Toujours («Հավերժ Ազնավուր») համերգային ծրագրի երևանյան մեծ պրեմիերան։

Այս երեկոն նվիրված է Ազնավուրի հավերժական ժառանգությանը։ Բեմում կլինեն արտիստներ, ովքեր անմիջական կապ են ունեցել մեծն շանսոնյեի հետ։ Լեգենդար երգերը կկատարի Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի երաժիշտների նվագակցությամբ։ Նվագախումբը կգլխավորի դաշնակահար Էրիկ Բերշոն, ով երկար տարիներ նվագակցել է Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։

Համերգն ունի նաև կարևոր սոցիալական առաքելություն։ Միջոցառման ողջ հասույթը «Ազնավուր» հիմնադրամի կողմից կուղղվի բարեգործության՝ «Պատերազմի հետևանքով այրիացած կանանց տնտեսական զորակցման ծրագրին»։

Նախագծի հիմնադիր գործընկերն է HENDERSON Fashion Group-ը, իսկ կազմակերպիչը՝ «Ազնավուր» հիմնադրամը։ Տոմսերի արժեքը տատանվում է 5,000-ից 20,000 դրամի սահմաններում։ Սա հիանալի առիթ է ևս մեկ անգամ վայելելու Ազնավուրի արվեստը և միաժամանակ սատարելու կարևոր նախաձեռնությանը։