Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն՝ Համազգայինի բեմում
Ֆրանսաբնակ դերասան և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը կրկին Երևանում է։ «Էլեկտրան թշվառների աշխարհից» հաջողված ներկայացումից հետո նա այս անգամ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ հանդիսատեսին կներկայացնի իր նոր աշխատանքը՝ «Պենելոպե, օ՜, Պենելոպե»։ Առաջնախաղը կայացավ փետրվարի 25-ին։
Աբգարյանը, որը պիեսի հեղինակն էլ է, նշում է՝ դիցաբանությունը թատրոնի կենսական աղբյուրներից է։ Նրա խոսքով՝ լեզուն և լռությունը բեմում ունեն բացառիկ ուժ, իսկ թատրոնը այն վայրն է, որտեղ լեզուն վերագտնում է իր արժեքը։
Բեմադրիչը կարևորում է նաև դերասանի մարդկային որակները։ Նա խոստովանում է՝ Համազգայինի արտիստների նվիրվածությունն ու հավատը թատրոնին իրեն ստիպել են աշխատել այս թիմի հետ։ «Թատրոնով ապրելը հերոսություն է»,– ընդգծում է նա։
«Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն նոր հայացք է Հոմերոսի «Ոդիսական»-ի հայտնի հերոսուհուն։ Կենտրոնում Դինահն է՝ կինը, որը քսան տարի սպասում է պատերազմ մեկնած ամուսնուն։ Նրա հավատարմությունը միայն անձնական չէ․ դա հավատարմություն է սեփական արժեքներին, ընտանիքին և ինքն իրեն։ Ներկայացման մյուս առանցքային կերպարներն են Անթեն՝ հավակնոտ և անզիջում հակառակորդը, և Էլիասը՝ պատերազմից վերադարձած ու պացիֆիզմի գաղափարներին հարած մարդը։ Դասական կանոնների համաձայն՝ գործողությունները ծավալվում են մեկ օրվա ընթացքում։
Գլխավոր դերերում են Նարինե Գրիգորյանը, Վարշամ Գևորգյանը, Նարեկ Բաղդասարյանը և այլք։ Երաժշտական ձևավորումը՝ Տատյանա Բուրելի, երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի, զգեստները՝ Թամարա Բարոյանի։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող նախագիծը միտված է հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդմանը։

