Տիեզերքից հնչյունները որսացողը. Ավետ Տերտերյանի 3-րդ Սիմֆոնիան կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի շրջանակում նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն Ավետ Տերտերյանի Սիմֆոնիա թիվ 3-ը, Թոմաս Հարթմանի «Ալվան ծաղիկը» բալետից սյուիտ և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ը:
«Դաշնամուրի կոնցերտը կհնչի մեր ժամանակների մոցարտյան լավագույն մեկնաբաններից մեկի` հայ հանդիսատեսին քաջածանոթ դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխի կատարմամբ: Համերգը կղեկավարի հանրահայտ դիրիժոր Կիրիլ Կարաբիցը»,- ասվում է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ մենք հիշեցնենք, որ Ավետ Տերտերյանը համարվում է նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիրը։ Նրա սիմֆոնիաներն իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ: Որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլ ազգային գործիքներ, բացառություն չէ նաև Սիմֆոնիա թիվ 3-ը, որն առաջին անգամ հնչել է 1975 թվականին:
Կարաբիցի խոսքով՝ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան իր ղեկավարած ամենաբարդ ստեղծագործություններից է: Այն խորապես հայկական է, միևնույն ժամանակ, հասկանալու համար բացատրության կարիք չունի. երաժշտությունն ինքնին խոսուն է:
20-րդ դարի հայ մեծ կոմպոզիտոր, ԽՍՀՄ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ավետ Տերտերյանը հայտարարում էր՝ տիեզերքից է որսում հնչյունները և համադրում լռության հետ, որից ծնվում ու որին վերադառնում է հնչյունը…

