Ագրիպինա Վագանովա. լեգենդ, որը ստեղծեց ինքն իրեն

Ագրիպինա Վագանովան ծնվել է 1879 թվականին Սանկտ-Պետերբուրգում և մահացել 1951-ին՝ արդեն Լենինգրադում։ Նրա անունը հավերժորեն գրված է համաշխարհային բալետի պատմության մեջ, սակայն այդ ճանապարհը բնավ էլ հարթ ու կանխորոշված չէր։

«Ես չէի ծնվել Ագրիպինա Վագանովա, ես դարձա այն»,— տարիներ անց ինքն էր ասում։

Նրա մանկությունն անցել է համեստ պայմաններում։ Հայրը՝ Հակոբ Վագանովը, պաշտոնաթող զինվորական էր և աշխատում էր Մարինյան թատրոնում որպես սենեկապան։ Այդ աշխատանքը ընտանիքին հնարավորություն տվեց օգտվել մի բացառիկ արտոնությունից․ թատրոնի աշխատակիցների ընտանիքների երեխաներից մեկին թույլատրվում էր անվճար ուսանել Մարինյան թատրոնի խորեոգրաֆիայի ուսումնարանում՝ ապահովված լինելով կացարանով և կանոնավոր սնունդով։ Հայրը համոզված էր, որ ուսումնարանում իր «գրուշենկան» կունենա ապահով կյանք։

Բալետին ոչ պիտանի կազմվածքից՝ համառ հաղթանակ

Փոքրիկ, թմբլիկ, կարճ ոտքերով աղջկան շատերը չէին պատկերացնում բալետի բեմում։ Նույնիսկ նրա ուսուցչուհին՝ Եկատերինա Վազեմը, համարում էր, որ նրան պարել սովորեցնելը ժամանակի վատնում է։ Սակայն ավարտական քննություններից հետո Վագանովային, այնուամենայնիվ, ընդունեցին Մարինյան թատրոն՝ կորդեբալետ։

Տարիներ անց նա կկատակեր, որ երկար ժամանակ եղել է «Բայադերկայի» 33-րդ ստվերը։ Այն ներկայացման ստվերների տեսարանում մասնակցում էին 32 պարուհի, իսկ ինքը՝ վերջին շարքերում։ Սակայն մի դիպված փոխեց ամեն ինչ․ վարիացիաներից մեկի դերակատարուհին հիվանդացավ, և նրան փոխարինեց Վագանովան։ Փոխարինեց այնպես, որ 14 տարի ստվերում պարելուց հետո արժանացավ «վարիացիայի թագուհի» կոչմանը։

Կուլիսների դաժանությունը և ուշացած ճանաչումը

Թատրոնի կուլիսները, որտեղ կայացվում էին որոշումները, Վագանովայի խոսքով, հաճախ ավելի դաժան էին, քան բեմը։ Բալետի պարուհու պաշտոնական կարգավիճակ նա ստացավ միայն վաստակած հանգստի անցնելուց մեկ ամիս առաջ։ 1916 թվականին իր հրաժեշտի բենեֆիսին Մարինյան թատրոնի բեմում նա պարեց «Վտակի» գլխավոր պարտիան։

Սակայն կյանքը նոր փորձություն էր պատրաստում։ 1917 թվականին նա մնաց բոլորովին միայնակ՝ գրկում միակ որդուն։ Նրա քաղաքացիական ամուսինը՝ պաշտոնաթող գնդապետ Անդրեյ Ալեքսանդրովիչ Պոմերանցևը, չդիմացավ երկրի հեղափոխական քաոսին և ինքնասպան եղավ։ Վագանովան 40 տարեկան, գործազուրկ այրի էր՝ բալետի պարուհու 16 տարվա փորձով։

Վերածնունդը՝ մանկավարժության մեջ

1920 թվականին նրան հրավիրեցին դասավանդելու միանգամից երկու հաստատությունում՝ Պետրոգրադի պետական թատերական ուսումնարանում և Մարինյան թատրոնում։ Մի քանի տարի անց նրա անունը հռչակեցին այնպիսի բալետի լեգենդներ, ինչպիսիք են Մարինա Սիմյոնովան, Գալինա Ուլյանովան, Նատալիա Դուդինսկայան, Ալլա Շելստը և շատ ուրիշներ։

Վագանովան խիստ էր՝ ոչ պարզապես, այլ անողոք խստությամբ։ Նա խոսում էր ցածր, որպեսզի աշակերտները նախ սովորեն կենտրոնանալ։ Դասից առաջ պարտադիր էր շուտ գալ, տաքացնել մկանները և ջրել հատակը։ Մի անգամ, երբ աշակերտուհիները մոռացել էին ջրել հատակը, Վագանովան առանց վարանելու հրամայեց սկսել պարել չոր հատակի վրա։ Դասը վերածվեց իրական տանջանքի, բայց այդ դեպքից հետո հատակը միշտ ժամանակին էր ջրցողվում։

Նրա սուր լեզուն դարձել էր լեգենդ․
«Մի կախվիր ձողից սպիտակեղենի լվացքի պես»,
«Ոտքդ մի լպստիր հատակը, բամբակը հանիր ականջներիցդ»։

Այս կտրուկ դիտողությունները շատերին դարձրին բալետի բեմի թագուհիներ։

Վագանովայի մեթոդը՝ կարգ ու կանոնի փիլիսոփայություն

Դասական պարի ուսուցման համակարգի բացակայությունը Վագանովային մտահոգում էր դեռ ուսանողական տարիներից։ Նա տեսնում էր, թե ինչպես են սաներին սովորեցնում պարաշրջան կատարել՝ առանց հիմնարար դպրոցի, և անմիջապես բեմ ուղարկում։

1931 թվականին նրան առաջարկեցին ստանձնել արդեն Կիրովի անվան Լենինգրադի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նա վերադարձրեց ակադեմիական ներկայացումները՝ «Ժիզել», «Բայադերկա», «Կարապի լիճ»։ Քաղաքականության պահանջով բեմ բարձրացավ նաև «Փարիզի հուրը»՝ Ստալինի սիրելի բալետը։

«Քաղաքականությունը կարող է փոխել թատրոնի անունը, երկացանկը, բայց ոչ արվեստի կարգն ու կանոնը»,— համոզված էր նա։

Նրան հաջողվեց համակարգել բալետի ուսուցումը։ Այդ համակարգը պատմության մեջ մնաց որպես Վագանովայի մեթոդ։

1934 թվականին լույս տեսավ նրա հիմնարար աշխատությունը՝ «Դասական պարի հիմունքները»։ Այն վերահրատարակվեց վեց անգամ, թարգմանվեց բազմաթիվ լեզուներով և մինչև այսօր մնում է դասական բալետի ուսուցման հիմքային գրքերից մեկը։

Բռնատիրությա՞ն, թե՞ կարգապահության գինը

Նույն 1934 թվականին Վագանովան ստացավ ժողովրդական արտիստի կոչում։ Սակայն շուտով թատրոնի գեղխորհրդի նիստում նրան մեղադրեցին իշխանատենչության և քննադատություն չհանդուրժելու մեջ։ Նրան հակադարձեցին մարդիկ, որոնց բեմ էր բարձրացրել հենց իր խստապահանջությամբ։

«Իմ բնավորությունը գուցե անտանելի է, բայց չեմ կարծում, որ փափկամորթ և հաճոյասեր մարդիկ կարող են կարգ հաստատել»,— պատասխանեց նա և հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Բայց դասավանդելը չդադարեց։

Վերջին տարիները և չկատարված հանդիպումը

Պատերազմի տարիներին նա փորձեց աշխատել Մոսկվայի Մեծ թատրոնում, սակայն բնավորության և սուր լեզվի պատճառով այնտեղ երկար չմնաց։ Ամենաշատը ցավում էր Մայա Պլիսեցկայից բաժանվելու համար, ում հետ ընդամենը երկու ամիս էր հասցրել աշխատել։

«Եթե գոնե մեկ տարի պարապեի Վագանովայի մոտ, դա ինձ ամբողջ կյանքի համար կբավականացներ»,— ասել էր Պլիսեցկայան։

Վագանովան նրան համոզում էր վերադառնալ Լենինգրադ։ Մայան չեկավ։ Իսկ Վագանովան գնաց մեկընդմիշտ։

Լեգենդը, որ ծնվեց կամքից

1951 թվականի Պետերբուրգյան մի ցուրտ աշնանային օր նրա մարմինը լքեց փառապան անունը։ Այն ամրացվեց Պետերբուրգի խորեոգրաֆիայի ուսումնարանի ճակատին։ Պատմությունը նրան հիշում է որպես չգերազանցված մանկավարժ, ռուսական դասական բալետի տեսության հիմնադիր, ռուսական ակադեմիական բալետի դպրոցի անվանադիր, սովետական ժողովրդական արտիստ։

Բայց քչերն են հիշում հայկական ծագմամբ, անապահով ընտանիքից դուրս եկած, բալետի համար «անպիտան» կազմվածքով փոքրիկ աղջկան, որը կարգով, կամքով և անողոք աշխատասիրությամբ ինքն իրենից կերտեց լեգենդար Ագրիպինա Վագանովային՝ հզոր և սարսափելի։