Արյան կանչ, չջնջվող պատմություն. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երեկն ու այսօր

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մասին շատ է խոսվում: Մասնագետներն ու հասարակական գործիչներն ահազանգում են, որ իշխանությունները վերանորոգման անվան տակ իրականում այլ ծրագիր են իրականացնում, որը հարվածի տակ է դնում հուշահամալիրի հետագա գոյությունը: Իսկ որ ամենակարևորն է՝ միտված է Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը մոռացության տալուն…

Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է «Ծիծեռնակաբերդ»-ում: Ցավոք, ժամանակի սղությունն ու ժամանակակից կյանքի ռիթմը թույլ չեն տալիս ավելի հաճախ լինել այստեղ ու հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, սակայն, հստակ տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին, մենք դա անում ենք: 

Իսկ որտեղի՞ց է սկսվում հուշահամալիրի պատմությունը:

Խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն առաջին անգամ պետական մակարդակով ոգեկոչվել է 1965 թ.։ Ցեղասպանության 50-ամյա տարելիցի շրջանակներում, մասնավորապես, սկսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ 1965 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-ամյակի հիշատակի միջոցառումների կազմակերպման և զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը հանրապետության ղեկավարն էր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, որը տվյալ հարցում անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում։ 

Քանի որ խոսքը ԽՍՀՄ ժամանակահատվածի մասին է, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ խոչընդոտներ ու բյուրոկրատիայի է հանդիպում գաղափարը, բայց այն կյանքի է կոչվում: Հուշահամալիրի շինարարությունն ավարտվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ երկուսուկես տարում։ Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1967 թ. նոյեմբերի 29-ին, իսկ 1968 թվականից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ 
Հիշենք. հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Հիշենք նաև, որ գործող իշխանությունը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց առաջնահերթությունը չէ: 

Արդյո՞ք մենք թույլ կտանք, որ մեզնից խլեն մեր պատմությունը, մոռացության տան 1.5 մլն անմեղ զոհերի արյունը, նրանց ժառանգների արդար պահանջն ու սպասումը, որ մի օր զոհերի հոգիները վերջապես հանգստություն կգտնեն երկնքում…