Արցախի 30 թանգարաններ և հավաքածուներ գտնվում են ոչնչացման ու յուրացման վտանգի տակ
Արցախի մշակութային ժառանգության պաշտպան, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը հանդես է եկել ահազանգող հայտարարությամբ։ Ըստ նրա՝ 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի 30 պետական և մասնավոր թանգարաններն ու հավաքածուները՝ իրենց եզակի հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական նմուշներով, հայտնվել են էկզիստենցիալ սպառնալիքի պայմաններում։
Մշակութային ցեղասպանության վտանգը
Հովիկ Ավանեսովն ընդգծել է, որ այսօր այդ թանգարանները զրկված են բնականոն գործունեության հնարավորությունից, իսկ դրանց հավաքածուները գտնվում են լիակատար ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակաուղղված յուրացման բարձր ռիսկի տակ։
«Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակն է պատմական հիշողության խեղաթյուրումը, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ դրանց ֆիզիկական ոչնչացումը», — նշել է Ավանեսովն իր սոցցանցերում։
Միջազգային հանրության պատասխանատվությունը
Անդրադառնալով Թանգարանների միջազգային օրվան՝ Ավանեսովը շեշտել է, որ ստեղծված պայմաններում այն պետք է դիտարկել ոչ թե որպես խորհրդանշական տոն, այլ որպես միջազգային հանրության պատասխանատվության օր։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է առավել հետևողական և հասցեական ուշադրություն դարձնի Արցախի ժառանգության պաշտպանությանը՝ որպես անհետաձգելի խնդիր։
ICOM-ի 80-ամյակը և «Միավորող» առաքելությունը
Հատկանշական է, որ 2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար. կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրությանը։
Այս տարվա պաշտոնական կարգախոսն է՝ «Թանգարանները միավորում են բաժանված աշխարհը»։ Ավանեսովն իր ուղերձում եզրափակել է, որ այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրացվել միայն այն դեպքում, եթե միջազգային հանրությունը, և մասնավորապես ICOM-ը, գործնականում արձագանքեն այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և կորստի վտանգի տակ, ինչպես ներկայումս Արցախում է։

