Բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք — Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք — Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։ Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4×55.5 սմ), ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։

Նախորդ տարի պատկերասրահի վերաբացման օրը, որը Արվեստի միջազգային օրը լինելուց բացի՝ նաև Արշիլ Գորկու ծննդյան օրն է, պատկերասրահը ցուցադրել էր Գորկու փոքրիկ մի գործ, որը 1974 թվականին փոխանցվել էր պատկերասրահին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անրեասյանը տեղեկացրել է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Sotheby’s հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորկու գործերից մեկը.
“Պետության միջամտության և քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով՝ այսօր հնարավորություն ունենք վայելելելու Արշիլ Գորկու արժեքավոր գործերից մեկը։ Այն նաև մեր հանրությանը հնարավորություն կտա՝ նորովի ծանոթանալու թերևս ամենամեծ արժեքն ու անունը թողած հայազգի նկարիչներից մեկի հետ”,- նշել է նախարարը։

Ծնված Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում՝ Ոստանիկ Մանուկ Ադոյանն անցավ տառապալից, բայց հանճարեղ մի ուղի, որն ընդմիշտ փոխեց 20-րդ դարի արվեստի պատմությունը։

Գորկու կապը հայ արվեստի հետ թերևս ամենախրթին ու հետաքրքիր հարցերից է։ Որպես Ցեղասպանությունը վերապրած արվեստագետ՝ նա իր մեջ կրում էր մշակութային խոր հիշողություն, սակայն ձգտում էր վերակերտել իրեն որպես եվրոպացի «կոսմոպոլիտ»՝ հեռանալով փախստականի ինքնությունից։ Նրա արվեստը հասունացավ ամերիկյան ավանգարդի կիզակետում՝ դառնալով կամուրջ իրականի ու վերացականի միջև։
Հայրենիքում Գորկու անունը սկսեց հնչել միայն 1960-ականներին։ Հայ երիտասարդ արվեստագետների՝ Սեյրան Խաթլամաջյանի, Էդուարդ Խարազյանի և Աշոտ Հովհաննիսյանի համար նա դարձավ ազգային զգայունության և սեփական փորձառությունն արտահայտելու վառ օրինակ։ Վերացականությունը նրանց համար դարձավ միջոց՝ հակադրվելու ժամանակի գաղափարախոսական սահմանափակումներին։
Գորկու կտավների մետաֆիզիկական լիցքն ու տրավմատիկ հիշողությունը մինչ օրս շարունակում են մնալ կենսական հենակետ բազմաթիվ արվեստագետների համար՝ սփյուռքում և Հայաստանում։