Գույներ, որոնք չեն մոռացվում. Տարազը՝ հայկական ինքնության անձնագիր

Ավանդական տարազը արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը, ազգային խառնվածքի առանձնահատկությունները։ Տարազը կենցաղի և մշակույթի բնութագրիչ տարրերից է, մարդու ցեղային, սեռային, հասարակական պատկանելիությունը ցույց տվող խորհրդանիշ։ Այն կազմված է ներքնազգեստից, վերնազգեստից, գլխի հարմարանքից և ներառում է ինչպես հագուստը, գլանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արթուզարդը։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ «հագուստ-կապուստը»։ Ավանդական հասարակությունում տարազը համարվում էր մարդու անձնագիրը։ Այն շատ լուրջ տեղեկատվություն էր տալիս կրողի մասին։ 

Հայկական յուրաքանչյուր տարազախումբ ունի իր առանձնահատուկ գծերը։

Արարատի տարազախումբը առանձնացնող կարևորագույն բաղադրատարրերից մեկը ասեղնագործ գոգնոցն է, որը գոտի-գոգնոց է հիշեցնում, ինչպես նաև գլխի հարդարանքը՝ եռանկյունաձև քողը և ճակատազարդը։ Սյունիք-Արցախյան տարազը առանձնանում է իր կարմիր շապիկով և վրայի կանաչ (երբեմն նաև կապույտ) արխալուխ վերնազգեստով, որը եռափեշ է և ունի շուշալալակարեր։

Հայկական գունամտածողությունը բավականին հարուստ է եղել։ Գերակշռել են կարմիրը, կանաչը, կապույտը և մանուշակագույնը, իսկ դեղինը հիմնականում ուղեկցող գույն է եղել։ Այսօր այն հիմնականում օգտագործվում է զարդանախշերի մեջ։ Հագուստը պատմում էր կրողի ոչ միայն բնակության վայրի, այլև մասնագիտության, սոցիալական աստիճանի և նույնիսկ ընտանեկան կարգավիճակի մասին։ Օրինակ՝ արհեստավորներին երբեք հնարավոր չէր շփոթել առևտրականի հետ։ Նրանց հագ ու կապի մեջ կային որոշակի տարրեր, որոնք հատուկ էին միայն կոնկրետ մասնագիտությանը և զբաղմունքին։

Արհեստավորները 19-րդ դարի վերջում գլխարկ էին դնում շապղա անունով, որը ուղղակիորեն ցույց էր տալիս նրանց մասնագիտական կարգավիճակը։ Կար նաև գլխի հարդարանքի տեսակ՝ բուխարի փափախը կամ մորթե գդակը, որը ունևորների ցուցիչն էր։

Տարազների անբաժանելի մաս են եղել զարդերը, որոնք գերազանցապես պաշտպանական-ծիսական նշանակություն են ունեցել։ Դրանք կրողին պաշտպանում էին հնարավոր բոլոր վնասակար, չար ուժերի ազդեցությունից։ Տղամարդիկ նույնպես զարդեր են կրել, քանի որ նրանք նույնպես պաշտպանության կարիք են ունեցել։

Մեծ գաղթի հետևանքով խախտվեց մարդու և բնության համամասնությունը։ Հայերը ստիպված հեռացան իրենց բնօրրանից, և դա ճակատագրական եղավ տարազի համար։ Բայց այսօր էլ կան մարդիկ, ովքեր հավատարիմ են մնացել իրենց պապերի և տատերի ավանդույթներին։ Նրանք այս միջոցով փորձում են ապացուցել, որ գիտության զարգացումը մարդուն չի կարող կտրել իր արմատներից։