Երևանում՝ աղավնիներ, Բաքվում՝ ուժի ցուցադրում. Երկու ապագաներ, որոնք միմյանց բացառում են

2026 թվականի մայիսի 28-ին Երևանում ռազմական շքերթին երկինք բաց թողնվեցին սպիտակ աղավնիներ։ Խոսուն խորհրդանիշ, որը մարմնավորում էր  խաղաղություն և  հույս, որ պատերազմի դարաշրջանը ավարտվեց։ 

Սակայն գրեթե նույն պահին Բաքվից եկավ մեկ այլ վիզուալ պատասխան. Ադրբեջանի նախագահը լուսանկարներ հրապարակեց Ստեփանակերտի այսպես կոչված  «հաղթանակի զբոսայգուց»։ Եվ այս ժեստն արդեն բոլորովին այլ իրականության մասին էր։ Հեռու խաղաղության ր հաշտեցման մասին պատկերացումներից։ Սա հստակ ուղերց էր անհավասար պատերազմի հետևանքների ու էթնիկ զտումների «մոնումենտալ» և անդառնալի ամրագրման մասին։

Այսպիսով, բախվեցին ոչ միայն երկու քաղաքական ուղերձներ։ Բախվեցին երկու հիշողություններ։ Իրականության երկու տարբերակներ։ Երկու ապագաներ, որոնք միմյանց բացառում են։

Երևան. խաղաղությունը որպես փխրուն ժեստ

Աղավնիները ռազմական շքերթի վերևում ՀՀ-ի իշխանությունների հուսահատ ցանկությունն էին այնպես ներկայացնել իրականությունը կարծես ուժի կարիքն այլևս չկա։ Սա վերջին տարիների ազգային ցավը նոր նորմալության վերածելու փորձ էր, որտեղ «խաղաղություն» բառն ավելի բարձր ձայնով են արտասանում, քան «պարտություն» բառը։

Բայց իրականությունը  խորհրդանիշներով չեն կառուցում։ Որովհետև երկնքում սավառնող աղավնիները չեն չեղարկում այն, ինչ տեղի է ունեցել գետնի վրա։ Դրանք չեն ջնջում պատերազմից հետո մնացած դատարկ էջերը, չեն փակում հարցերը, որոնց պատասխանն առ այսօր տրված չէ։

Ստեփանակերտ. քարի մեջ փորագրված հաղթանակ

Եվ բոլորովին այլ լեզվով է խոսում Ստեփանակերտի «հաղթանակի զբոսայգին»։ Ադրբեջանական կողմի պատասխանն իր խորհրդանշական կոշտությամբ ու ցուցադրականությամբ շատերին հիշեցրեց ադրբեջանական քաղաքական պերֆորմանսի նախկին դրվագները, երբ իրեն բնապահպան անվանող տիկինը, ով շրջափակում էր արցախցիների կյանքի ճանապարհը, խեղդամահ արեց աղավնուն։

Բոլորին հայտնի է, որ այդ «հաղթանակի զբոսայգին» գտնվում է ադրբեջանցիների կողմից ոչնչացված  Ստեփանակերտի պատմական թաղամասի ավերակների վրա։ Այստեղ տեղակայված էին բնակելի տներ, ինչպես նաև Արցախի պետական կառույցների վարչական շենքերը, ներառյալ նախագահի նստավայրը։ Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել բացարձակապես ամեն ինչ, ինչը հիշեցնում է այդ տարածքներում հայերի պատմական բնակության մասին։

Այսպիսով՝ պատմությունն արդեն գրված է, դերերն՝  նշանակված, իսկ արդյունքն՝ փորագրված ցինիկ ճարտարապետական կառույցով։  Եվ այս երկու իրականությունների միջև չկա ընդհանուր սահման։ Կա միայն մեծ հեռավորություն՝ ոչ թե աշխարհագրական, այլ իմաստային։