Լևոն Արոնյան. հայ, որ շարունակում է հաղթել

Լևոն Արոնյանի անունը վաղուց ոսկե տառերով գրվել է հայ ժողովրդի պատմության էջերում: Երիտասարդ շախմատիստը շարունակում է ապացուցել, որ նրա տաղանդը անսպառ է և հաղթանակներ կերտել… թեև ոչ Հայաստանի դրոշի ներքո, բայց հայ ազգի ամենավառ ներկայացուցիչ լինելով: Լևոն Արոնյանը մե՛րն է, անկախ նրանից, թե ֆիզիկապես ու ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով հիմա նա որտեղ է:

Նրա վերջին հաղթանակը մեծ ուրախություն ու հպարտություն նվիրեց բոլոր հայերին, աշխարհի բոլոր անկյուններում գտնվող: Հարավային Աֆրիկայում կայացած Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակչում Արոնյանը հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Մրցաշարում հաղթելու համար հայ գրոսմայստերը կստանա 200 հազար դոլար պարգևավճար։
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթողի կոչումը անցած շաբաթ նվաճելուց հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերում.

«Անչափ ուրախ եմ և հպարտ Հարավային Աֆրիկայում Freestyle Chess Grand Slam Final-ում հաղթելու առթիվ։ Ամբողջ տարին հրաշալի էր, և իմ ընտանիքն ու երկրպագուները շատ աջակցեցին ինձ։ Շնորհակալություն բոլորիդ ինձ հավատալու համար»,- գրել է հայ գրոսմայստերը։
Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավատաթիր Լևոն Արոնյանը ծնվել է 1982թ.-ի հոկտեմբերի 6-ին Երևանում: Նրա հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը՝ լեռնային ճարտարագետ:

Գրոսմայստեր դարձել է 17 տարեկանում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա բազմաթիվ հաղթանակներ է կերտել Հայաստանի եւ միջազգային առաջնությունների ընթացքում, և արդեն 2011թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն է ճանաչվել (2807):

Իր ձեռքբերումների համար Լեւոն Արոնյանին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, ինչպես նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան:

Ի դեպ, CNN-ը եւ BBC-ն Արոնյանին անվանում են Հայաստանի շախմատի Դեյվիդ Բեքհեմ:

Այժմ նա հանդես չի գալիս Հայաստանի դրոշի ներքո և, ըստ էության, ժամանակակից այն հայերից մեկն է, որոնք քաղաքական դրդապատճառներով հեռացել են Հայաստանից, բայց մեծ ճանաչում ունեն աշխարհում: Բայց վստահ ենք՝ այս ամենը ժամանակավոր է և Լևոն Արոնյանը՝ հայ ազգի արժանի զավակը, մի օր նորից հանդես կգա եռագույնի ներքո: