Խրիմյան Հայրիկի պատգամը. 100 տարի անց գիտակցել «երկաթե շերեփի» խորհուրդը
Հատկապես վերջին տարիներին, Հայաստանում և մեր երկրի շուրջ զարգացումների ֆոնին, մենք հաճախ ենք լսում «երկաթե շերեփի» մասին հիշատակումներ, թեև քչերն են իրապես հասկանում, թե ինչի մասին է խոսքը և ի՞նչ էր ուզում փոխանցել սերունդներին մեր եկեղեցու 125-րդ կաթողիկոսը՝ Խրիմյան Հայրիկը:
Նախ, հարկավոր է նշել, որ Խրիմյան Հայրիկը սովորական հոգևորական չէր և նրա կյանքի ժամանակահատվածը հայ ժողովրդի ամենաբարդ ժամանակաշրջաններից էր: Նա դարձավ հասարակական-քաղաքական, մշակութային, կրթական և ազգային-ազատագրական շարժման առաջնորդ:
Բեռլինի կոնգրեսը, որին մասնակցեց Խրիմյան Հայրիկը, առանձնացավ իր կենսագրության մեջ. կոնգրեսի շրջանակում Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:
Այդտեղ է, որ հայոց կաթողիկոսը հասկացավ, որ տերությունները երկդիմի քաղաքականություն են վարում: Խրիմյան Հայրիկը հայտարարեց.
«Ուրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր»:
Ու, ցավոք, հարյուր տարի անց մենք դարձյալ նույն վիճակում ենք, մեր հույսը նորից միջազգային «բարեխղճությունն» է: Հետևապես Խրիմյան Հայրիկի բառերը այսօր առավել, քան ակտուալ են:
Ակտուալ են նաև կաթողիկոսի հետևյալ խոսքերը.
«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:

